Մանկական ինֆեկցիոն բաժանմունք

Մանկական ինֆեկցիոն բաժանմունք

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական ինֆեկցիոն բաժանմունքը Երևանում գործող ինֆեկցիոն պրոֆիլի ամենամեծ մանկական բաժանմունքն է, որտեղ իրականացվում է աղիքային, շնչառական, ինչպես նաև տրանսմիսիվ և կոնտակտային ճանապարհով փոխանցվող տարաբնույթ ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշում, ամբուլատոր և ստացիոնար բուժում:

Բաժանմունքը բաղկացած է երկու առանձին ստորաբաժանումներից՝

  • աղիքային վարակների հարկաբաժին,
  • օդակաթիլային վարակների հարկաբաժին։

Մանկական ինֆեկցիոն բաժանմունքի կառուցվածքն ու աշխատանքային ռեժիմը նպաստում են վարակի աղբյուր հանդիսացող պացիենտների մեկուսացմանը և պատշաճ բուժման կազմակերպմանը: Միաժամանակ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ներհիվանդանոցային վարակները կանխելու համար:

Ընդհանուր 85 ֆունկցիոնալ մահճակալներ ունեցող մանկական ինֆեկցիոն բաժանմունքը տարեկան սպասարկում է 0-18 տարեկան 2000-ից ավելի պացիենտների: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնելու անհետաձգելի և պլանային թերապևտիկ միջոցառումներ: Մահճակալային ֆոնդի օգտագործման բարձր ճկունության շնորհիվ բաժանմունքը կարող է վերապրոֆիլավորվել ցանկացած ձևի վարակիչ հիվանդություններով հիվանդների հոսպիտալացման համար՝ կախված համաճարակային իրավիճակից և մահճակալների անհրաժեշտությունից:

Այս է վկայում Covid-19 համավարակի ընթացքում բաժանմունքի արագ վերապրոֆիլավորումը և Covid-19 վարակով պացիենտների լիարժեք բուժման կազմակերպումը: Բաժանմունքում աշխատում են երկար տարիների մասնագիտական փորձով ինֆեկցիոնիստներ, որոնք իրենց բարձր մասնագիտական գիտելիքների և հմտությունների շնորհիվ իրականացնում են նաև մանկական տարբեր ոչ ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշում և անհրաժեշտության դեպքում ուղղորդում համապատասխան մասնագիտական բժշկական կենտրոններ:

Բաժանմունքում կարևորվում է ոչ միայն փոքրիկ պացիենտների լիարժեք բուժումը, այլև բուժման ընթացքում նրանց համար ջերմ և հոգատար միջավայրի ստեղծումը: ԻՀԱԿ մանկական ինֆեկցիոն բաժանմունքը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի կլինիկական բազաներից մեկն է,  և բաժանմունքի բժիշկները, կլինիկական աշխատանքից զատ, զբաղվում են նաև գիտական աշխատանքներով: