Աղիքային վարակիչ հիվանդությունների հետ կապված հայտարարություն

Աղիքային վարակիչ հիվանդությունների հետ կապված հայտարարություն

Հաշվի առնելով վերջին շրջանում աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում և այլ) Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն դիմող քաղաքացիների թվի աճը և խնջույքներից, դպրոցական էքսկուրսիաներից հետո գրանցվող աղիքային վարակների բռնկումները` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հորդորում է պահպանել զգոնությունը` պաշտպանվելու այս սեզոնին ակտիվացող աղիքային վարակիչ հիվանդություններից։

Շոգ եղանակը նպաստավոր է ախտածին մանրէների արագ բազմացման համար, ուստի անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմում չպահպանվող մթերքները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ։

Կարևոր է բնության գրկում անցկացվող խնջույքները և էքսկուրսիաները կազմակերպել ճիշտ.

-շուտ փչացող մթերքը տեղափոխեք սառնարան֊պայուսակներով, իսկ դրա անհնարինության դեպքում` տեղ հասնելուն պես, մթերքը տեղափոխեք սառնարան կամ հնարավորինս սառը տեղ,

-սահմանափակեք խնջույքներին երշիկեղենի, կաթնամթերքի, ձվի, կրեմային հրուշակեղենի, մայոնեզով աղցանների օգտագործումը,

-խուսափեք ոչ լավ եփված միս ուտելուց,

-մանրակրկիտ լվացեք մրգերը, բանջարեղենները, պտուղները,

-բնության գրկում մթերքը պահեք փակ տարաներով կամ տոպրակներով, հեռու միջատներից և կենդանիներից,

-խուսափեք խնջույքի ընթացքում բազմազան ուտելիքներ օգտագործելուց,

-խմեք մաքուր ջուր` եռացրած կամ շշալցված։

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների դեպքում մի զբաղվեք ինքնաբուժությամբ և անհապաղ դիմեք բժշկի` խուսափելու հիվանդության բարդություններից։

Հիշե’ք, ամռանը աղիքային վարակիչ հիվանդություններից հատկապես տուժում են երեխաները, ուստի անվտանգ վարքագիծն ու հետևողականությունը կպաշտպանեն ձեզ և ձեր երեխաներին։