Հանրային միջոցառումներ՝ ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի արագ և անվճար թեստավորմամբ

Հանրային միջոցառումներ՝ ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի արագ և անվճար թեստավորմամբ

Մայիս ամսին Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ՝ ՌԴ օգնության ծրագրի շրջանակներում, նախատեսում է հանրային միջոցառումներ, որոնք ուղեկցվելու են ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի արագ և անվճար թեստավորմամբ:
Ի՞նչ պետք է իմանալ արագ թեստավորման մասին:
ՄԻԱՎ-ի արագ թեստերի մասին պատմում է Լաբորատոր ախտորոշման բաժնի ղեկավար Թամարա Հովսեփյանը:
Նախ նշեմ, որ ՄԻԱՎ վարակն ախտորոշվում է շճաբանական մեթոդներով՝ ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների և/կամ ՄԻԱՎ-ի p24 հակածնի հայտնաբերման միջոցով: Շճաբանական մեթոդներով հետազոտությունների համար կիրառվում են տարբեր տեսակի և սերնդի թեստեր: Որպես առաջին գծի թեստ ընտրվում է առավելագույն զգայունություն ունեցողը՝ իրական դրական նմուշները բաց չթողնելու համար: Հարկ է նշել, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության յուրաքանչյուր դրական արդյունք պետք է հաստատվի հաջորդական հետազոտությունների միջոցով:
Ներկայումս կիրառվող 4-րդ սերնդի բարձր զգայունությամբ և առավելագույն ճշգրտությամբ արագ թեստերը հնարավորություն են տալիս հայտնաբերել ՄԻԱՎ վարակը հիվանդության վաղ փուլում:
Թեստավորումը պարզ և արագ գործընթաց է, որը չի պահանջում հատուկ նախապատրաստում, հետազոտվում է մատից վերցված արյունը, իսկ արդյունքը պատրաստ է լինում 15 րոպեների ընթացքում:
Թեստի նախնական արդյունքը կարող է լինել բացասական, դրական կամ անորոշ:
✔Թեստ բացասական արդյունքով
Բացասական թեստը նշանակում է, որ դուք չունեք ՄԻԱՎ:
✔Անորոշ թեստ
Անորոշ թեստի արդյունքը պետք է հաստատվի ՄԻԱՎ-ի ռեֆերենս լաբորատորիայի կողմից: Եթե հաստատող թեստի արդյունքը նույնպես անորոշ է, ապա թեստը պետք է կրկնվի:
Անորոշ արդյունքով թեստի հնարավոր պատճառներն են աուտոիմուն հիվանդությունը, հղիությունը, արյան կամ արյան բաղադրամասերի փոխներարկումը, լյարդի հիվանդությունը, վերջին պատվաստումը, սերոկոնվերսիան կամ հիվանդության վերջին փուլը:
✔Դրական թեստ
Յուրաքանչյուր նախնական դրական արդյունք խաչաձև ստուգվում է ՄԻԱՎ-ի ռեֆերենս լաբորատորիայում՝ ավելի ճշգրիտ մեթոդով, այսինքն՝ կատարվում է հաստատող թեստ: Որոշ դեպքերում նախնական դրական արդյունքը կարող է կեղծ դրական լինել, օրինակ՝ սուր վիրուսային հիվանդության կամ որոշ համակարգային հիվանդությունների դեպքում։
❗️Պետք է նշել, ՄԻԱՎ վարակի վերջնական լաբորատոր ախտորոշումը կատարվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ երկրում միակ ՄԻԱՎ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայում: