«Հայկական ժամանակը»-ի հարցազրույցը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանի հետ

«Հայկական ժամանակը»-ի հարցազրույցը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանի հետ

Կորոնավիրուսային համավարակ, պատերազմ, հետքովիդյան և հետպատերազմյան շրջան, գերծանրաբեռնված աշխատանք, մի քանի շաբաթներ ու ամիսներ ընտանիքից հեռու․ սա այն ճանապարհն է, որ անցել են մեր օրերի բժիշկները։

Հայկական ժամանակը զրուցել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանի հետ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանն իրենց անցած ճանապարհը բնութագրում է մեկ բառով՝ դաժան, միևնույն ժամանակ հիշում է անցած օրերն ու այժմ հպարտորեն փաստում՝ բժիշկները, այնուամենայնիվ, կարողացան մնալ իրենց առաջնագծում ու հաղթանակած դուրս գալ։

12 տարի առողջական ոլորտում պայքար մղած, հուսահատությունների ու փորձությունների միջով անցած բժիշկը շեշտում է՝ յուրաքանչյուր բժիշկ ապրում է իր հիվանդի ուրախությամբ, կիսում նրա տխրությունը և երբեք չի մոռանում այն հիվանդներին, որոնց կորցրել է։ Վերջինս իրենց աշխատանքը հերոսություն չի որակում, ասում է՝ մեր մասնագիտությունն ու պարտքն է, որը կատարում ենք։

Մի պահ հետ ենք գնում հետքովիդյան շրջան․ եթե չլինեին նվիրյալ բուժաշխատողները, համավարակը հաղթահարել շատ դժվար կլիներ։

Հոգեկան ծանր ապրումների միջով անցանք. ծանր էր, երբ քովիդով վարակված անձի էիր ընդունում՝ չիմանալով՝ ինչ է սպասվում քեզ, քո առողջությանը, քո ընտանիքի անդամներին, բայց և ամեն ինչ անում էինք՝ պայքարելու և հիվանդի կյանքը փրկելու համար։ Այդ ժամանակ մեծ համարձակություն էր պետք բժիշկներին, որպեսզի քայլ անեին ու գնային առաջ, և նրանք ունեցան այդ համարձակությունը:

72 ժամ հերթապահում էինք. ընկճվածություն երբեք չի եղել։ Եթե դու սիրում ես քո աշխատանքը, երբեք չես հիասթափվի։ Ամեն առավոտ, թեկուզ մեծ հոգնածությամբ բոլորս կատարում էինք մեր աշխատանքը։ Հիվանդանոցը լքում էինք երկու ժամով ու նորից հետ վերադառնում։

44-օրյա պատերազմը, որն անտարբեր չանցավ նաև բժիշկների կողքով յուրաքանչյուրը, իր վիշտը իր մեջ տանելով, ապրում էր։ Մեկը ընկերոջն էր կորցնում, մյուսը՝ հարազատ եղբորը։ Մենք առանձնանում էինք մի սենյակում ու արցունքները զսպել չկարողանալով՝ մեր էմոցիաներին դուրս գալու հնարավորություն էինք տալիս ու նորից վերադառնում աշխատանքի։ Երբ որ մեր բուժակները հերթապահում էին ու ԼՂ կանչերի էին գնում, շատ մեծ սթրեսով ու ապրումներով էին վերադառնում. պատերազմի կամ դժվարության միջով անցած մարդը հոգեբանորեն չի կարող չփոխվել։

Բժիշկը ամբողջ կյանքի ընթացքում հիշում է իր կորցրած հիվանդներին. դա մեծ սթրես էր հատկապես երիտասարդ մասնագետների համար։ Ծանր էին քովիդով վարակված մեր՝ հատկապես այն հայրենակիցների քովիդով դեպքերը, որոնք ապաստարաններում էին վարակվել և կրկնակի սթրես էին ապրում, քանի որ իրենց զինվորները առաջնագծում կռվում էին:

Բժշկի համար դժվար էր նայել հարազատի աչքերին և հայտնել կորուստի լուրը սա թերևս ամենացավոտ թեման էր բժշկի համար։ Ծանր էր հատկապես, երբ այդ կորուստները լինում էին երիտասարդ։ Բժիշկը խոսելու ընթացքում հարազատի հետ ամբողջ ցավը ապրում էր։ Յուրաքանչյուր լուրը հայտնելիս միաժամանակ մտածում էիր, թե ի՞նչ չես արել այդ հիվանդին օգնելու համար։ Շատ դեպքեր էին լինում, երբ բժշկին ընդհատում էին, որովհետև չէին կարողանում լսել, մեղադրում ու սպառնում էին։ Յուրաքանչյուր բուժծառայող առանձնանում էր սենյակում, և նույնիսկ տղամարդիկ լաց էին լինում։ Երբեք բժիշկը չի ասում՝ ես ամեն ինչ արեցի, մտածում է՝ ես ի՞նչ կարող էի անել, որ չարեցի։

Երկու տարվա ընթացքում մեր երիտասարդ բժիշկները ծերացան. նկարներն եմ թերթում քովիդի սկզբի ու վերջի. երիտասարդները բոլորը փոխվել են, ծերացել։ Մեր մասնագետների հետ հոգեբաններ էին աշխատում 24 ժամ, մեկս մեկին աջակցում էինք, որպեսզի կարողանայինք հաղթահարել այդ ցավը։

Եղան բժիշկներ, որոնք պայքարից դուրս մնացին բժիշկների հետ եղան դեպքեր, որ չկարողացան դրանք համադրել առողջապահական ոլորտում աշխատելու հետ, ոմանք իրենց և իրենց ընտանիքի առողջության համար ի սկզբանե հրաժարվեցին պայքարից, ոմանք էլ առողջապահական ոլորտից դուրս եկան և՛ հոգեբանական, և՛ առողջության տեսանկյունից ի վիճակի չլինելու պատճառով։ Նաև մեր որոշումը եղավ, որ ավագ սերնդի մեր բժիշկներին զերծ պահենք համավարակի վտանգներից։ Ամենացավալի պահը բժշկի համար այն էր, երբ որ տեսնում էր՝ իր հիվանդը շնչահեղձ է լինում, բայց չի կարողանում ոչինչ անել նրան փրկելու համար։ Այդ ընթացքում բժիշկներն իրենց ազատման դիմումի մեջ նշում էին՝ չեմ կարողանում մոռանալ իմ հիվանդին։

Կարևոր է, որ բժիշկն իրեն գնահատված զգա բժշկական հանրույթի աշխատանքը չգնահատել հնարավոր չէ։ Չեք պատկերացնի, թե բժիշկներն իրենց ինչքան արժևորված են զգում, երբ մեր հիվանդները մեզ ասում են՝ շնորհակալություն և Աստված պահի ձեր ընտանիքը, ու ապաքինված դուրս են գրվում հիվանդանոցից։ Այն ամենի միջով, ինչով անցել են բուժաշխատողները, անհնար է նկարագրել։ Մեր հասարակությունը պետք է կարողանա հարգանքով վերաբերվել մասնագետներին։ Չեք պատկերացնի՝ ինչ է զգում այն բժիշկը, որը ամեն ինչ արել է հիվանդին փրկելու համար, ու իրեն մեղադրում են, որ ոչինչ չի արել և չի փրկել նրան։ Բժշկական հանրույթն այսքա՜ն բանի միջով անցավ, ապրեց, կորուստներ ունեցավ, բայց, միևնույն է, շարունակում է ծառայել մեր բնակչությանը։

Այդքան փորձություններից հետո էլ բժիշկը շարունակում է իր աշխատանքը երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել մեկը մյուսին հանդուրժելու, մեկը մյուսին գնահատելու առումով։ Եթե բժիշկը աշխատում է որպես բժիշկ, ապա նա սիրում է իր մասնագիտությունը։

Բժիշկները մարդիկ են, որոնք կարող են բուժել մարդկանց և պարգևել առողջություն. շատերը բժշկական կրթություն են ստանում, բայց ոլորտում չեն մնում, սակայն ովքեր մնում են, նրանք նվիրված բժիշկներ են։ Շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին։ Այս տարիների ընթացքում առողջապահական համակարգի աշխատանքը ամենից լարվածն է եղել, ամենադաժանն է եղել, բայց, միևնույն է, մենք մեր առաջնագածում շարունակում ենք պայքարել։