Մեկտեղելով մեր ջանքերը՝ կարող ենք ավելի արդյունավետ պայքարել և կանխարգելել

Մեկտեղելով մեր ջանքերը՝ կարող ենք ավելի արդյունավետ պայքարել և կանխարգելել

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում տեղի ունեցավ ՌԴ օգնության ծրագրի շրջանակում, «ՍՊԻԴ ինֆոսվյազ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված -րդ շարժական բուժախտորոշիչ կլինիկայի հանդիսավոր բացումը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրերի ղեկավար Ռոզա Բաբայանը, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանն ու այլ բարձրաստիճան հյուրեր:

Արարողությանը հաջորդեց «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝ որպես ջանքերի մեկտեղման նոր հնարավորություն» խորագրով համաժողովը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԻՀԱԿ տնօրենի ժ/պ Ստեփան Աթոյանը՝ կարևորելով հյուրերի ներկայությունն անցկացվող համաժողովին. «Առանձնակի պետք է շեշտադրեմ միասնական պայքարի և համագործակցության կարևորությունը այս գլոբալ հիմնախնդրի դեմ արդյունավետ պայքարի հարցում։

Այդ իսկ պատճառով, օգտվելով այս առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին՝ Առողջապահության նախարարությանը, մեր արտասահմանյան գործընկերներին և իհարկե մեզ հետ սերտորեն համագործակցող հասարակական կազմակերպություններին»,- նշեց Ստեփան Աթոյանը:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն էլ ընդգծեց, որ տարիներ շարունակ Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության կողմից մի շարք ծրագրեր են իրականացվել, որպեսզի ՄԻԱՎ-ի թեստավորումը դառնա ավելի հասանելի:

«Այս ծրագիրը հենց այդ քայլերից մեկն է, որը հնարավորություն է տալիս հեռավոր շրջաններում, գյուղերում շարժական բուժախտորոշիչ կլինիկայի այցերի միջոցով մեր բնակչությանը տրամադրել ՄԻԱՎ-ի թեստավորման հնարավորություն: Առհասարակ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում ՄԻԱՎ-ի դեպքերը, ցավոք սրտի, աճում են: Եվ իհարկե ուրախալի է, որ մենք արդեն կարողանում ենք հայտնաբերել դեպքերը, և եթե մարդիկ ավելի վաղ են տեղեկանում իրենց կարգավիճակի մասին և ստանում դեղերը, որոնք անվճար տրամադրվում են կենտրոնի կողմից, կարողանում են երկար տարիներ ապրել որակյալ կյանքով և որևէ առողջական խնդիր չունենալ»,- ասաց փոխնախարարը:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ նշեց, որ ՌԴ-ի համար ՁԻԱՀ-ի և այլ վարակների դեմ պայքարը Միջազգային հումանիտար համագործակցության ոլորտի առաջնային խնդիրներից մեկն է: «Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր խնդիրներից մեկը մեր քաղաքացիների առողջության պահպանումն է, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի նպատակով ընդհանուր համակարգի ստեղծումը: Այդ պատճառով, տվյալ ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում վարակիչ հիվանդությունների տարածումը»,- ասաց դեսպանը:

Մասնագետները ներկայացրին ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ներկա վիճակն ու կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքները, նախանշեցին առաջիկա ծրագրերը: Կողմերը կարևորեցին համատեղ նախաձեռնությունների իրականացումն ու հնարավորությունների մեկտեղումը՝ ՁԻԱՀ-ի դեմ առավել արդյունավետ պայքար մղելու համար: