ԻՀԱԿ-ը շնորհավորում է Ապրիլի 7-ի առթիվ

ԻՀԱԿ-ը շնորհավորում է Ապրիլի 7-ի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, ապրիլի 7-ը մեր երկրում երկու կարևոր իրադարձությամբ է նշանավորվում։

Այսօր նշում ենք ոչ միայն մեր ազգային տոնը՝ Մայրության և գեղեցկության օրը, այլև Առողջության համաշխարհային օրը։

Առաջին հայացքից իրար հետ ոչ այդքան մեծ աղերս ունեցող տոներն իրականում սերտ փոխկապակցված են, քանզի գեղեցկության առաջնային չափանիշը հենց առողջությունն է։

Առողջ հասարակության ձևավորման, առողջ սերունդներ դաստիարակելու համար ամենակարևորը մայրերի դերն է։ Հենց իրենք են վաղվա ամուր պետության կայացման գործում գլխավոր դերակատարներից մեկը։

ԻՀԱԿ-ը սրտանց շնորհավորում է բոլոր մայրերի տոնը՝ մաղթելով երկարակեցություն ու անսպառ ժպիտներ։ Թող ձեր բոլոր օրերը գարնանային ծաղիկների նման պայծառ ու գունավոր լինեն՝ անկախ եղանակային տատանումներից։ Շրջապատված եղեք սիրով, գնահատանքով ու հոգատարությամբ։

Ցանկանում ենք առանձնահատուկ շնորհավորել մեր կենտրոնում աշխատող ու բուժվող մայրերին։ Սիրելի՛ աշխատակիցներ, շնորհակալ ենք, որ ցանկացած բուժառուի վերաբերվում եք հենց մայրական ջերմությամբ ու անքուն գիշերներ եք անցկացնում յուրաքանչյուրի արագ ապաքինման համար։

Սիրելի՛ բուժառուներ, ձեզ արագ ապաքինում․ հաջորդ բոլոր տոներն անցկացրեք հիվանդանոցի պատերից դուրս՝ լիովին առողջացած։

Ժպիտներ ու սեր բոլորիդ։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի