ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վերահսկման և հսկողության տեխնիկական աջակցության ծրագիր
Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վերահսկման և հսկողության տեխնիկական աջակցության ծրագիր
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ և ֆինանսավորմամբ, Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում, իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վերահսկման և հսկողության տեխնիկական աջակցության ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակներն են՝
- Բարելավել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանական հսկողությունը,
- Ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների կարողությունների հզորացումը,
- Նվազեցնել ՄԻԱՎ-ի նկատմամբ խարանն ու խտրականությունը,
- Հզորացնել ՄԻԱՎ-ի և հարակից վարակների կանխարգելման և վերահսկման համակարգերը կանանց և երեխաների շրջանում,
- Բարձրացնել ՄԻԱՎ-ի թեստավորման հասանելիությունը գյուղական համայնքներում,
- Նպաստել ՄԻԱՎ-ի թեստավորման մասսայականացմանը,
- Նպաստել այն միջոցառումների իրագործմանը, որոնք ուղղված են երկրի կողմից «90-90-90» նպատակներին հասնելուն: «90-90-90» թիրախներն են՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 90%-ը պետք է իմանա իր կարգավիճակի մասին, նրանց 90%-ին պետք է տրամադրվի հակառետրովիրուսային բուժում, հակառետրովիրուսային բուժում ստացողների 90%-ի շրջանում պետք է արձանագրվի վարակի ծանրաբեռնվածության չհայտնաբերվող մակարդակ:
- Նպաստել ՄԻԱՎ-ի նոր դեպքերի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված մահերի կրճատմանը,
- Ամրապնդել երկրում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման վավերացման կարգավիճակի պահպանման աշխատանքները:
Սահմանված նպատակների կատարմանն ուղղված ծրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ գործառույթները՝
- Ոչ վաղ անցյալում վարակվածության տարածվածությունն ընթացիկ տարում որոշող հետազոտության անցկացում,
- Գյուղական համայնքներում ՄԻԱՎ վարակի, վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի արագ, անվճար և անանուն թեստավորման կազմակերպում շարժական թիմերի միջոցով,
- Գյուղաբնակ միգրանտներին և նրանց զուգընկերներին տեղեկատվական, կրթական և վարքագծի փոփոխությանն ուղղված խորհրդատվության տրամադրում,
- Գյուղական համայնքներում բնակվող միգրանտների զուգընկերների համար ՄԻԱՎ վարակի վերաբերյալ սեմինար-վարժանքների իրականացում և նրանց կրթում՝ որպես հավասարը հավասարին խորհրդատու,
- Քաղաքային համայնքներում բնակվող միգրանտների զուգընկերների համար փոխօգնության խմբերի գործունեություն,
- Ռեսուրսային կենտրոնների գործունեություն, որն իր մեջ ներառում է գյուղական համայնքներում դեռահասների ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կրթում,
- Առողջապահության ոլորտի մարզային պատասխանատուների համար սեմինարների և աշխատանքային հանդիպումների կազմակերպում,
Քաղաքային համայնքներում հանրային միջոցառումների կազմակերպում, որոնց ընթացքում կատարվում են ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի արագ, անվճար և անանուն հետազոտություններ: