Բժշկության մեջ առանձին խումբ են կազմում մանկական հիվանդությունները, որը ներառում է մանկահասակ երեխաներին հատուկ մի շարք վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են օրինակ կարմրուկը, կարմրախտը, ջրծաղիկը, պոլիոմելիտը, խոզուկը, քութեշը և այլ: Այնուամենայնիվ, սա երաշխիք չէ, որ դրանք չեն կարող առաջանալ հասուն տարիքում: Այս հիվանդությունների մի մասը կառավարելի են, այսինքն դրանք կարող են կանխարգելվել պատվաստումների միջոցով: Տասնամյակների ընթացքում պատվաստումներն արդեն իսկ ապացուցել են իրենց արդյունավետությունը, և այդ են վկայում գրեթե անհետացած կամ հազվադեպ հանդիպող դիֆտերիան, խոզուկը, կարմրուկը, կարմրախտը, կապույտ հազը: Ուստի ծնողներին հորդորում եմ բաց չթողնել պատվաստումների ազգային օրացույցով հաստատված և ո՛չ մի պատվաստում: Պետք է գիտակցել, որ բաց թողած ցանկացած պատվաստում կարող է հետագայում ճակատագրական լինել ձեր երեխայի համար:
Մանկական տարիքում շատ հաճախ հանդիպում են նաև սուր շնչառական, աղիքային վարակները, մենինգիտը, մոնոնուկլեոզը, էնտերովիրուսային վարակները, որոնք փոխանցվում են վարակակիր անձի հետ շփման արդյունքում՝ օդակաթիլային եղանակով կամ կենցաղային շփման միջոցով:
Արդեն ամառ է, իսկ ամռանն առավել արդիական են դառնում աղիքային վարակները: Շոգ եղանակն ու խոնավությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում ախտածին մանրէների բազմացման համար, որոնք ներթափանցելով օրգանիզմ, ախտահարում են մարսողական համակարգը: Հատկապես խոցելի են նորածնային տարիքի և միչև 5 տարեկան երեխաները, որոնք շրջապատող աշխարհի հետ ծանոթանում են ձեռքերի և բերանի միջոցով:
Ամռանը աղիքային վարակների շատ դեպքեր են գրանցվում՝
- լավ չլվացած կամ ընդհանրապես չլվացած մրգեր, բանջարեղեններ ուտելուց,
- պատշաճ ջերմային մշակում չանցած մսեղեն, ձկնեղեն օգտագործելուց,
- ոչ պատշաճ պայմաններում պահպանված մթերքներ, հատկապես՝ կաթնամթերք օգտագործելուց:
Փոքրիկներին աղիքային վարակներից պաշտպանելու համար խորհուրդ եմ տալիս լինել հետևողական և կիրառել կանխարգելիչ հետևյալ միջոցառումները.
- հաճախ լվացեք երեխաների ձեռքերը: Գիտակից երեխաներին սովորեցրեք հիգիենայի կանոնները, հատկապես ճիշտ և մանրակրկիտ լվանալ ու չորացնել ձեռքերը,
- մաքուր և հոսող ջրով լավ լվացեք պտուղները, հատապտուղները, մրգերը, բանջարեղենները, կանաչեղենը,
- մի օգտագործեք ժամկետանց մթերքներ կամ մթերքներ, որոնց պահպանման պայմանները կասկածելի են կամ պատշաճ ապահովված չեն,
- հեռու պահեք մթերքները միջատներից և կրծողներից, որոնք կարող են վարակի աղբյուր հանդիսանալ,
- լավ եռացրեք կաթը, լավ եփեք միսն ու ձկնեղենը,
- մի թույլ տվեք երեխաներին լողալ արգելված վայրերում,
- բացատրեք երեխաներին, որ չի կարելի միաժամանակ օգտագործել տարբեր սննդամթերքներ,
- երեխաներին տվեք շատ հեղուկներ, հատկապես մաքուր ջուր: Սա կարելի է նշել, որպես աղիքային վարակների կանխարգելման ամենակարևոր քայլ:
Երեխայի մոտ աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ ի հայտ գալու դեպքում հարկավոր է դիմել բժշկի: Մի զբաղվե՛ք ինքնաբուժությամբ, քանզի ինքնաբուժությունը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:
Եվ վերջում, օրվա առիթով, շնորհավորում եմ մեր փոքրիկներին, մաղթելով առողջ ու անհոգ մանկություն, իսկ նրանց ծնողներին՝ համբերություն, իրենց երեխաների համար պաշտպանված միջավայր ապահովելու համար: