ՀՀ ԱՆ ինֆեկցին հիվանդությունների ազգային կենտրոնը, Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, դասընթացներ է անցկացրել բուժաշխատողների շրջանում։
Մեկ ամիս տևած` 8 դասընթացներից բաղկացած շարքին մասնակցել է ավելի քան 160 բուժաշխատող՝ ՀՀ գրեթե բոլոր մարզերից (Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիկ, Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն) և Երևանից։
Դասընթացը նպատակ է ունեցել բուժաշխատողների շրջանում բարձրացնելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի, համաճարակաբանության, պատճառագիտության և ՄԻԱՎ վարակի դասակարգման վերաբերյալ իրազեկվածությունը: Այն բուժաշխատողներին հնարավորություն է տվել ծանոթանալու ՄԻԱՎ-ի կանխարգելման, հայտնաբերման և բուժմանն առնչվող գործողությունների կատարման ամբողջական ցիկլին։ Գիտելիքներ են տրամադրվել նաև ՄԻԱՎ-ին զուգակցող հիվանդությունների վերաբերյալ:
Նախագծի ընթացքում մեր կենտրոնի մասնագետները՝ համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի ղեկավար Վարդան Արզաքանյանը, լաբորատոր ախտորոշման ծառայության ղեկավար Թամարա Հովսեփյանը, ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը, մոնիթորինգի և գնահատման բաժնի ղեկավար Աննա Մերգելյանը դասախոսություններ են ներկայացրել մի շարք թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են․
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում և Հայաստանում,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանություն, պատճառագիտություն, կենսական ցիկլ, ՄԻԱՎ վարակի դասակարգում,
- ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային և հետկոնտակտային կանխարգելում,
- ՄԻԱՎ վարակի վերաբերյալ նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն,
- ՄԻԱՎ վարակի վերաբերյալ սկրինինգային հետազոտություններ, ինքնաթեստավորում,
- ՄԻԱՎ վարակի ախտորոշում, աշխոտոշման ռազմավարություն և ալգորիթմ,
- ՄԻԱՎ վարակի կլինիկական ընթացք, օպորտունիստական հիվանդություններ,
- բուժում և բուժման շարունակականության ապահովում։
Կենտրոնը նպատակ ունի նմանատիպ ծրագրերի անցկացումը դարձնել շարունակական՝ առավել որակյալ բուժսպասարկում ապահովելու ու ՄԻԱՎ-ի դեմ պայքարն ավելի ընդլայնելու և արդյունավետ դարձնելու համար։