Ավելի քան 180 բուժաշխատող ԻՀԱԿ-ում վերապատրաստումներ է անցել

Ավելի քան 180 բուժաշխատող ԻՀԱԿ-ում վերապատրաստումներ է անցել

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մասնագետները դասընթացների շարք են անցկացրել, որոնց մասնակցել է Երևանի 8 բուժկենտրոնների ավելի քան 180 բուժաշխատող (81՝ ավագ, 100՝ միջին)։
Օրենսդրական նոր փոփոխությամբ ընդլայնվել է այն բուժհաստատությունների ցանկը, որոնք կարող են ծննդալուծել ՄԻԱՎ-ի դրական կարգավիճակ ունեցող հղիներին։
Հրամայական էր առաջացել իրականացնելու համապարփակ վերապատրաստումներ բուժհաստատությունների անձնակազմի շրջանում՝ բարելավելու ՄԻԱՎ-ի վերաբերյալ ընդհանուր գիտելիքները, բարձրացնելու մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման թեմայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակն ու ևս մեկ անգամ ընդգծելու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության կանխարգելման կարևորությունը։
Դասընթացի մասնակիցներն ուսումնասիրել են մի շարք թեմաներ, ինչպիսիք են․
🔷ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանությունը, պատճառագիտությունը, կենսական ցիկլը,
🔷համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում,
🔷հղիների շրջանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորումը, ՄԻԱՎ վարակի ախտորոշումը,
🔷ՄԻԱՎ վարակի կլինիկական ընթացքը,
🔷օպորտունիստական հիվանդություններն ու բուժման սկզբունքները,
🔷մորից` երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելումը,
🔷ՄԻԱՎ-ով մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության կանխարգելումը,
🔷ՄԻԱՎ կարգավիճակի գաղտնիությունը և այլն։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաև ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու այդ նպատակով մեր երկրում անցկացվող միջոցառումներին։
Դասընթացները վարել են ԻՀԱԿ համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանը, ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը, լաբորատոր ախտորոշման ծառայության ղեկավար Թամարա Հովսեփյանը, ամբուլատոր կլինիկայի բժիշկ-վարակաբան Յուլյա Մանուկյանը, հրավիրյալ բանախոս Հայարփի Սահակյանը։
Դասընթացները կազմակերպել և իրականացրել է ԻՀԱԿ՝ Գլոբալ հիմնադրամի «Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցություն» դրամաշնորհային ծրագրի թիմը՝ ղեկավար Զարուհի Գրիգորյանի գլխավորությամբ։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը միշտ պատրաստակամ է նախաձեռնողականություն դրսևորելու և տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները գործընկերներին փոխանցելու, հետևաբար նմանատիպ նախաձեռնությունները մեր կենտրոնում շարունակական բնույթ են կրելու։