ԻՀԱԿ-ում 4-ամյա երեխայի կյանք է փրկվել

ԻՀԱԿ-ում 4-ամյա երեխայի կյանք է փրկվել

Օրերս Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն էր ընդունվել 4-ամյա երեխա՝ ծանր վիճակում։ Ընդունման պահին փոքրիկի գիտակցությունը եղել է արգելակված, խոսքը՝ եզակի, վերջույթներում և դեմքին՝ արտահայտված այտուցներ, եղել են փսխումներ, փորլուծություն, ախորժակի անկում, մաշկի ցանավորում, աչքերի կարմրություն, ավշահանգույցների մեծացում, զարկերակային ճնշման անկում, մարմնի ջերմության բարձրացում։
Երեխայի մոտ դիտվել են մի շարք բարդություններ՝ շոկ, երիկամների սուր վնասում, կոագուլոպաթիա, երկրորդ աստիճանի շնչառական անբավարարություն, սուր գաստրոէնտերիտ։
Երեխան անմիջապես տեղափոխվել է կենտրոնի Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Հաշվի առնելով մասնագիտական քննարկումների արդյունքնում նշանակված մի շարք հետազոտությունների պատասխանները, հիվանդության կլինիկան ու ընթացքը՝ որոշում է կայացվել բուժմանն ավելացնել մարդու իմունոգլոբուլին դեղամիջոցը։
Քանի որ նշված դեղամիջոցը դժվարամատչելի է և թանկարժեք, ԻՀԱԿ-ը դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը՝ աջակցության համար։ Գերատեսչության արագ արձագանքման շնորհիվ երեխան ստացել է դեղամիջոցի անհրաժեշտ դեղաչափը, որի արդյունքում պացիենտի բուժման դրական դինամիկա է նկատվել։ Բուժման ավարտից և առողջացումից հետո երեխան դուրս է գրվել։
Սա մեկն է կենտրոնում փրկված կյանքերի պատմություններից։ Հիվանդանոցային պատերից ներս մեր բժիշկների ահռելի աշխատանքն է և թիմի նվիրումը, որի շնորհիվ հաճախ ենք տեսնում մեր բուժառուների գոհունակ ժպիտները։ Հաջողված յուրաքանչյուր պատմություն մեզ օգնում է սահմանել որակի ավելի բարձր նշաձող։
📷Լուսանկարում՝ ԻՀԱԿ ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի մասնագետները՝ բաժանմունքի վարիչ Արմեն Ասլանյանի գլխավորությամբ