«Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում Առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախաձեռնել է հանրային միջոցառումներ:
Հուլիսի 29-ին ՌԴ օգնության ծրագրի շրջանակում Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկաներից մեկը տեղադրվել է Գյումրիում՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով անցնելու ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի անվճար և անանուն հետազոտություններ: Հետազոտությունները ուղեկցվել են նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից Oragir.News-ին հայտնում են՝ Գյումրիում շարժական բուժախտորոշիչ կլինիկայում անվճար և անանուն հետազոտվել է 54 քաղաքացի:
«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը պարբերաբար թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաք Երևանում տարբեր ծրագրերի շրջանակում նախաձեռնում է նման հանրային միջոցառումներ, որոնց նպատակը ոչ միայն դեպքերի հայտնաբերումն է, այլև իրազեկումը։ Անհրաժեշտ է խրախուսել, որպեսզի քաղաքացիները ռիսկային վարքագծի դեպքում հետազոտվեն՝ հիվանդությունները վաղ հայտնաբերելու նպատակով։ Կարևոր է հիշել՝ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ»։
Հավելենք, որ Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կազմակերպվող հանրային միջոցառումները անցկացվում են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում»։