Հոկտեմբերի 15-ը ձեռքերի լվացման համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 15-ը ձեռքերի լվացման համաշխարհային օրն է

Ինչո՞ւ են մաքուր ձեռքերը դեռ կարևոր․ ձեռքերի հիգիենան ամեն տարի փրկում է միլիոնավոր կյանքեր: Այս պարզ գործողությունը, որի կատարումը շատ կարճ ժամանակ է պահանջում, կարող է մեզ պաշտպանել բազմաթիվ հիվանդություններից:

Հոկտեմբերի 15-ը Ձեռքերի լվացման համաշխարհային օրն է, որն առաջին անգամ նշվել է 2008-ին` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ: Սա ևս մեկ առիթ է` հիշեցնելու այդ գործողության կարևորության ու արդյունավետության մասին և ընդգծելու՝ մաքուր ձեռքերը կյանքեր են փնտրում։

Կարևորելով ձեռքերի լվացման մասին պարբերական իրազեկման ապահովումն ու օրվա խորհուրդը՝ ԻՀԱԿ միջին բուժանձնակազմի համար անցկացվել է թրեյնինգ։ ԻՀԱԿ համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի բժիշկ-համաճարակաբան Քրիստինե Լալայանը ԻՀԱԿ բուժքույրերին է ներկայացրել ձեռքերի լվացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ հաճախակի լվանալով ձեռքերը` կարող ենք նպաստել վարակների կանխարգելմանն ու նվազեցնել ներհիվանդանոցային վարակների տարածումը:

«Շատ հիվանդություններ համարվում են «կեղտոտ» ձեռքերի հիվանդություններ, և ձեռքերի լվացումը օճառով և հոսող ջրով թույլ է տալիս նվազեցնել լուծային հիվանդությունների 40%-ը, ռեսպիրատոր հիվանդությունների 25%-ը: Մարդու ձեռքերի վրա կարող են լինել 2-14 մլն բակտերիաներ, որոնց մեծ մասը տեղակայվում է մատանինիների, զարդերի տակ»,-ներկայացրել է Լալայանը:

ԻՀԱԿ-ը կարևորում է նմանատիպ միջոցառումների պարբերական անցկացումը՝ բուժանձնակազմի, ինչպես նաև հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելու կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես ոչ միայն շատ վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու, այլ նաև դրանց հարուցիչների աճը կասեցնելու միջոց։