Շարունակական կրթությունը ԻՀԱԿ գործունեության կարևորագույն սկզբունքներից է։ Մեր մասնագետները պարբերաբար մասնակցում են վերապատրաստումների և փորձի փոխանակումների՝ կենտրոնում տեղայնացնելու առողջապահական լավագույն փորձը։
Օրերս ԻՀԱԿ ներկայացուցիչները մասնակցել են «Կենսանվտանգությունն ու կենսապահովությունը լաբորատորիաներում» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել էր «Որակյալ լաբորատորիաներ-Մեկ առողջություն ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի կլինիկական մանրէաբանների ասոցիացիա» ՀԿ-ի համագործակցությամբ։
Համաժողովի նպատակն էր ՀՀ հանրային առողջապահությանը սպառնալիք հանդիսացող մարտահրավերներին դիմակայելու շրջանակներում աջակցել լաբորատոր ոլորտի հզորացմանը՝ «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ միավորելով տարբեր ոլորտների լաբորատոր և շահառու այլ մասնագետներին, ծանոթացնել ոլորտի ուժեղ և թույլ կողմերին, քննարկել կենսանվտանգությանը ներկայացվող ազգային ու արդի միջազգային պահանջները, վերլուծել դրանց ներդաշնակեցման ու ստանդարտացման անհրաժեշտությունն ու առկա խոչընդոտները, տեսանելի դարձնել բարելավման հնարավորությունները։
Համաժողովի քննարկման առանցքում են եղել`
ռիսկերի գնահատումն և կառավարումը,
ֆիզիկական անվտանգությունը,
նմուշների կառավարումը,
տեղեկատվության կառավարումն և անվտանգությունը,
արտակարգ իրավիճակների կառավարումը,
անձնակազմի անվտանգությունը,
թափոնների կառավարումը,
ախտահանումը և մանրէազերծումն ու այլ կարևոր թեմաներ։
Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես է եկել նաև ԻՀԱԿ լաբորատոր ախտորոշման ծառայության ղեկավար Թամարա Հովսեփյանը՝ ներկայացնելով «Կենսառիսկերի կառավարումը ՄԻԱՎ վարակի եւ հեպատիտների լաբորատոր ախտորոշման գործընթացում» թեման։