Դիմել մեզ

Սնկային թոքաբորբ

16.09.2025
Սնկային թոքաբորբ

Սնկային թոքաբորբերը կազմում են թոքաբորբերի շատ փոքր մասը (<5%), բայց իմունոսուպրեսիվ հիվանդների շրջանում ունեն բարձր հաճախականություն և ծանր ընթացք։ Մահացությունը՝ կախված սնկի տեսակից և հիվանդի վիճակից, տատանվում է 20–80%։

Առավել հաճախ հանդիպող սնկային թոքաբորբի հարուցիչներն են

  • Aspergillus spp.  Օրգանների փոխպատվաստում ստացողների մոտ հայտնաբերումը մինչև 10–20%։Լեյկոզով կամ այլ հեմատոլոգիական քաղցկեղով հիվանդների մոտ առաջացնում է մինչև 25% մահացություն։
  • Cryptococcus neoformans ՄԻԱՎ ունեցողների մոտ հանդիպում է տարեկան մոտ 220 000 դեպք ամբողջ աշխարհում, մահացություն՝ մինչև 15–20%, հատկապես Աֆրիկայում։
  • Histoplasma capsulatum, Coccidioidomycosis համարվում են էնդեմիկ հատկապես ԱՄՆ-ի որոշ շրջաններում: Իմունոսուպրեսիա ունեցողների շրջանում սնկային թոքաբորբի առաջացնելու հավանականությունը կարող է հասնել  մոտ 10%–ի։
  • Pneumocystis jirovecii   ՄԻԱՎ-ով հիվանդների մոտ՝ մինչ հակառետրովիրուսային թերապիայի տարածումը, հանդիպում էր մինչև 70–80% դեպքերում։ Ներկայումս զարգացած երկրներում այդ ցուցանիշը կտրուկ նվազել է, սակայն Աֆրիկայում և Ասիայի որոշ երկրներում դեռ մնում է բարձր։
  • Candida spp. համարվում են մարդու բնական միկրոֆլորայի մաս, բայց որոշ պայմաններում կարող են առաջացնել հիվանդություն: Կանդիդոզային թոքաբորբը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, սակայն ուշ ախտորոշման դեպքում կարող է հանգեցնել մոտ 40–50% մահացության:

Ռիսկի  խմբեր

  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող անձինք
  • Քաղցկեղ, արյունաբանական հիվանդություններ ունեցող, քիմիաթերապիա ստացող հիվանդներ
  • Օրգանների կամ ոսկրածուծի փոխպատվաստում անցած անձինք (իմունաճնշիչ դեղորայք ստացող)
  • Երկարատև կորտիկոստերոիդային թերապիա
  • Տարեցներ, շաքարային դիաբետ, ծանր քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք

Ախտանշանններ

  • Երկարատև տենդ
  • Չոր կամ խորխարտադրությամբ հազ
  • Շնչահեղձություն, կրծքավանդակի ցավ
  • Թուլություն, քաշի կորուստ
  • Երբեմն՝ արյունախխում

Ախտորոշում

  • Թոքերի ռենտգեն կամ ՀՇ հետազոտություն
  • Խորխի, բրոնխոալվեոլյար լվացուկի միկրոսկոպիկ հետազոտություն
  • Արյան ցանքս, շճաբանական, ՊՇՌ հետազոտություն
  • Երբեմն՝ թոքերի բիոպսիա

Բուժում

Սնկային թոքաբորբը համարվում է ծանր և կյանքին սպառնացող վիճակ, և բուժումը միշտ պետք է իրականացվի բժշկի խիստ վերահսկողությամբ և ինքնաբուժումը անթույլատրելի է։ Բուժման համար կիրառվում են տարբեր հակասնկային դեղամիջոցներ, պաթոգենետիկ և սիմպտոմատիկ բուժում, անհրաժեշտության դեպքում՝ թթվածնային բուժում, հիմնական հիվանդության բուժում (օր.՝ ՄԻԱՎ-ի դեպքում հակառետրովիրուսային թերապիա, քաղցկեղի դեպքում՝ իմունաճնշման նվազեցում):

Կանխարգելում

  • Իմունային համակարգի ակտիվացում
  • Հատուկ պրոֆիլակտիկա բարձր ռիսկի խմբերում (օր.՝ trimethoprim-sulfamethoxazole ՄԻԱՎ-ով հիվանդների համար):