Դիմել մեզ

Հաճախ տրվող հարցեր

Հաճախ տրվող հարցեր

Ինչու՞ է անհրաժեշտ հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

ՄԻԱՎ-ի օրգանիզմ ներթափանցելու պահին մարդը չի ունենում ոչ մի արտասովոր զգացողություն: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդը երկար տարիներ (միջինը 8-10 տարի) կարող է առողջության հետ կապված որևէ խնդիր չունենալ, զգալ  իրեն գործնականորեն առողջ և անգամ չկասկածել իր վարակված լինելու մասին, սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել ուրիշներին: Արտաքինից ևս հնարավոր չէ կռահել մարդու վարակված լինելու մասին: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հայտնաբերել միայն հատուկ լաբորատոր հետազոտությամբ, որը հնարավորություն է տալիս ախտորոշելու ՄԻԱՎ վարակը վաղ շրջանում, երբ հիվանդության ախտանշաններ դեռևս չկան:

ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը կարևոր է՝

անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու,

ուրիշներին վարակի փոխանցումը կանխելու,

ՄԻԱՎ վարակից զերծ երեխաներ ունենալու համար:

Ովքե՞ր ունեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն այն մարդիկ, որոնք՝

երբևէ օգտագործել են թմրամիջոցներ ներարկային ճանապարհով,

ունեցել են առանց պահպանակի սեռական հարաբերություն անհայտ ՄԻԱՎ կարգավիճակով զուգընկերոջ հետ,

երբևէ հիվանդացել են որևէ սեռավարակով կամ ունեն զուգընկեր, որի մոտ հայտնաբերվել է սեռավարակ,

ունեն վիրուսային հեպատիտ Բ կամ Ց,

կատարել են դաջվածքներ չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով,

ունեն զուգընկեր, որը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ պետք է հետազոտվեն հղիները հղիության հնարավորինս վաղ ժամկետում:

 

Ե՞րբ է անհրաժեշտ հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

Խորհուրդ է տրվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել ռիսկային վարքագիծ դրսևորելու պահից միջինը 6 շաբաթ հետո:

Մինչև ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի ճշտումն անհրաժեշտ է սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես օգտագործել պահպանակ, ձեռնպահ մնալ որպես դոնոր արյուն հանձնելուց: Կանանց խորհուրդ է տրվում այդ ընթացքում խուսափել հղիությունից, իսկ կերակրող մայրերին` հրաժարվել երեխային կրծքով կերակրելուց:

ՄԻԱՎ վարակն այլևս «մահվան դատավճիռ» չէ: Հակառետրովիրուսային բուժման շնորհիվ, որը ՀՀ-ում հասանելի է և տրամադրվում է անվճար, այսօր այն համարվում է քրոնիկ հիվանդություն, որով կարելի է երկար տարիներ ապրել, և այլևս չի նշվում ՄԻԱՎ վարակով հիվանդի կյանքի վերին սահման: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը պետք է լինի նույնքան բնական, որքան ցանկացած այլ քրոնիկ հիվանդության հայտնաբերման համար հետազոտություն անցնելը: Ըստ որում, որքան շուտ մարդն իմանա իր մոտ այս կամ այն հիվանդության, այդ թվում ՄԻԱՎ վարակի մասին, այնքան մեծ կլինեն հիվանդության արդյունավետ բուժման, հնարավոր բարդություններից խուսափելու հնարավորությունները: Եթե վիրուսն օրգանիզմում է, միևնույնն է, վաղ թե ուշ այն զգալ կտա իր գոյության մասին: Բայց որքան ուշ ախտորոշվի հիվանդությունը, այնքան դժվար կլինի պահպանել առողջությունը և, հնարավոր է, անգամ կյանքը: Մինչդեռ ՄԻԱՎ-ով ապրող մարդը, ժամանակին բուժում սկսելով և պարտաճանաչորեն այն շարունակելով, կարող է ապրել այնքան, որքան կապրեր առանց ՄԻԱՎ վարակի: Սակայն արդյունավետ բուժման կարևոր նախապայմանը վաղ ախտորոշումն է: Դրա համար անհրաժեշտ է, որ երբևէ ռիսկային վարքագիծ դրսևորած անձինք անցնեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անկախ իրենց մոտ առողջական վիճակի հետ կապված գանգատների առկայությունից:

 

Ինչպե՞ս իմանալ ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին:

Հարկավոր է անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվում են ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինները:

Հետազոտության արդյունքը կարող է լինել՝

դրական, այսինքն՝ հետազոտվողի արյան շիճուկում հայտնաբերվել են ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ, ինչը վկայում է ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին.

բացասական, այսինքն՝ հետազոտվողի օրգանիզմում ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմիններ չեն հայտնաբերվել, ինչը կարող է լինել հետևյալ դեպքերում՝

– երբ մարդը վարակված չէ ՄԻԱՎ-ով.

– մարդը վարակված է ՄԻԱՎ-ով,բայց դեռևս գտնվում է պատուհանի շրջանում.

-մարդը ՁԻԱՀ-ի փուլում է:

 

Կարո՞ղ է արդյոք առողջ տեսք ունեցող մարդը լինել ՄԻԱՎ-ով վարակված:

Այո, ՄԻԱՎ-ով վարակված մարդը կարող է միանգամայն առողջ տեսք ունենալ: ՄԻԱՎ-ով վարակվածները չունեն յուրահատուկ արտաքին նշաններ, ուստի անհնար է պարզապես մարդուն նայելով ասել վարակված է ՄԻԱՎ-ով, թե ոչ: Ավելին, ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց ավելի քան երկու երրորդը չգիտի իր վարակված լինելու մասին:

Հիվանդության խարդավանքը հենց այն է, որ վերջինս ընթանում է երկարատև անախտանշան՝ թաքնված շրջանով (8-10 տարի), որի ընթացքում մարդն իրեն զգում է գործնականորեն առողջ և չի էլ կասկածում  իր վարակված լինելու մասին: Սակայն այդ ընթացքում նա կարող է վարակը փոխանցել այլ մարդկանց:

 

Ո՞րն է տարբերությունը ՄԻԱՎ վարակի և ՁԻԱՀ-ի միջև:

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է:

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, երբ ՄԻԱՎ վարակով հիվանդի մոտ ի հայտ են գալիս զանազան ախտաբանական դրսևորումներ և/կամ խիստ արտահայտված իմունային անբավարարություն:

 

Ի՞նչ են ՄԻԱՎ-ը և ՁԻԱՀ-ը:

ՄԻԱՎ նշանակում է մարդու իմունային անբավարարության վիրուս: Ներթափանցելով մարդու օրգանիզմ՝ այն առաջացնում է ՄԻԱՎ վարակ հիվանդությունը: Այս հիվանդության ժամանակ ախտահարվում է իմունային համակարգը և ժամանակի ընթացքում զարգանում է իմունային անբավարարություն:

ՁԻԱՀ-ը՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ և բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խորը խաթարմամբ, ինչի հետրանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: ՁԻԱՀ-ը  ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, երբ ՄԻԱՎ վարակով հիվանդի մոտ ի հայտ են գալիս զանազան ախտաբանական դրսևումներ:

 

Ինչպե՞ս է հնարավոր վարակվել ՄԻԱՎ-ով:

ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն որոշ կենսաբանական հեղուկների միջոցով: Դրանք են՝ արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, կրծքի կաթը: Վիրուսն առկա է նաև օրգանիզմի այլ հեղուկերում (մեզ, թուք, քրտինք), սակայն դրանք վտանգավոր չեն վարակման տեսանկյունից, քանի որ դրանցում ՄԻԱՎ-ի խտությունը շատ ցածր է: Վարակում տեղի ունենում, երբ վտանգավոր կենսահեղուկները ներթափանցում են առողջ մարդու օրգանիզմ լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել՝ առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, չախտազերծված ներարկման պարագաներ օգտագործելիս, չախտազերծված գործիքներով դաջվածքներ կատարելիս, արյան փոխներարկման ժամանկ: Երեխան կարող է վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս:

 

Հնարավո՞ր է վարակվել ՄԻԱՎ-ով մոծակի կծելու միջոցով:

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում մոծակների կամ այլ միջատների միջոցով, քանի որ կարող է ապրել և բազմանալ միայն մարդու բջիջների մեջ և շատ արագ ոչնչանում է միջատների ստամոքսում: Դրանից զատ, միջատների մարսողական համակարգի կառուցվածքը գործնականում անհնարին է դարձնում խայթված մարդու արյան անցումը միջատների ստամոքսից հակառակ ուղղությամբ՝ հաջորդ զոհի օրգանիզմ: Մյուս կողմից մարդուն կծելիս մոծակը վերքի մեջ արտազատում է ոչ ե նախորդ խայթվածի արյունը, այլ իր թուքը:

 

Հնարավո՞ր է վարակվել ՄԻԱՎ-ով ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ համատեղ սնունդ ընդունելիս:

Հնարավոր չէ վարակվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդու հետ համատեղ սնունդ ընունելիս, քանի որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում սննդի միջոցով, կենցաղային շփումների ժամանակ: Ուստի առանց ավելորդ վախի կարելի է հյուրընկալվել ՄԻԱՎ վարակ ունեցող մարդուն և օգտվել նրա հյուրասիրությունից: ՄԻԱՎ-ով հնարավոր չէ վարակվել նաև ջրի միջոցով, հազի կամ փռշտոցի միջոցով, ձեռքսեղմման, համբույրի, գրկախառնվելու ժամանակ, ընդհանուր սպասքից, հեռախոսից, համակարգչից, սանհանգույցից օգտվելիս, հագուստի և սպիտակեղենի միջոցով, լողավազանում լողալիս:

 

Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակվել դաջվածքներ կատարելիս:

ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգն առկա է, եթե դաջվածքներ կատարելիս մաշկի հետ շփվող գործիքները ախտազերծված չեն: Խորհուրդ է տրվում դաջվածքներ անելիս օգտագործել միանվագ գործիքներ կամ դրա համար այցելել մասնագիտացված սրահներ:

 

Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակվել օրգանների, հյուսվածքների փոխպատվաստման հետևանքով:

Այո՛, հնարավոր է: Այս ճանապարհով ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու նպատակով օրգանների, հյուսվածքների, նաև կենսաբանական հեղուկների դոնորները պարտադիր պետք է հետազոտվեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

 

Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակվել կանխարգելիչ պատվաստումներ ստանալիս:

Ո՛չ, հնարավոր չէ, եթե պատվաստումը կատարվում է միանվագ օգտագործման պարագաներով:

 

Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակվել որպես դոնոր արյունատվություն կատարելիս:

Ո՛չ, հնարավոր չէ: Արյունատվության գործընթացը բացառում է դոնորի ՄԻԱՎ-ով վարակումը, քանի որ դոնորական արյունը վերցվում է միանվագ օգտագործման համակարգերով:

 

Արդյո՞ք ՄԻԱՎ վարակով անձինք վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար և արդյո՞ք պետք չէ նրանց մեկուսացնել:

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում առօրյա, կենցաղային շփումների միջոցով, ուստի անհեթեթություն է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մեկուսացումը:

 

Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակումը ՄԻԱՎ վարակով հիվանդներին խնամելիս:

ՄԻԱՎ վարակով հիվանդների խնամքը վտանգավոր չէ խնամողների համար, եթե պահպանվում են անձնական հիգիենայի կանոնները և անմիջական շփում տեղի չի ունենում հիվանդի այն կենսաբանական հեղուկների հետ, որոնք ՄԻԱՎ-ի փոխանցման գործոն են: Վարակվելու վտանգ կարող է ի հայտ գալ այն դեպքերում, երբ տեղի է ունենում ՄԻԱՎ վարակով հիվանդի արյան, սերմնահեղուկի և հեշտոցային արտազատուկների շփում խնամողի վնասված մաշկի կամ լորձաթաղանթների (վարակվելու հավանականությունը՝ 0.3%): Չվնասված մաշկը հուսալի պատնեշ է ՄԻԱՎ-ի դեմ:

Թեև ՄԻԱՎ-ը հայտնաբերվել է նաև մեզի, թքի, արցունքի և քրտինքի մեջ, սակայն դրանցում վիրուսի քանակն այնքան չնչին է, որ այդ արտազատուկները վարակվելու առումով վտանգ չեն ներկայացնում: Այնուհանդերձ, եթե մեզի, փսխուքային զանգվածի և թքի մեջ առկա է տեսանելի արյուն, ապա կարող է ի հայտ գալ նաև այդ արտազատուկների միջոցով ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգ, ուստի նման դեպքերում ևս պետք է խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները՝ բացառելով նշված կենսաբանական հեղուկների հետ լորձաթաղանթների և մաշկի շփումը:

 

Կարո՞ղ է արդյոք ՄԻԱՎ վարակ ունեցող կինն ունենալ առողջ երեխա:

Թեև գոյություն ունի վարակված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգ, սակայն որոշակի կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է նվազագույնի հասցնել այն: Համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացումը 98-99% դեպքերում ՄԻԱՎ վարակով հղի կնոջը վարակից զերծ երեխա ունենալու հնարավորություն կտա։ Արդյունավետ կանխարգելման կարևոր նախապայմանը հղի կնոջ մոտ ՄԻԱՎ վարակի վաղ հայտնաբերումն է, ինչի համար անհրաժեշտ է հղիության հնարավորինս վաղ ժամկետում հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ:

 

Ինչպե՞ս կարող է ՄԻԱՎ վարակ ունեցող մորից վարակը փոխանցվել երեխային:

ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային վարակը կարող է փոխանցվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ, կրծքով կերակրելիս:

Հղիության ընթացքում ՄԻԱՎ-ը պտղին կարող է փոխանցվել ընկերքի միջոցով: Ընկերքը օրգան է, որի միջոցով սաղմնային կյանքի ընթացքում իրականացվում են պտղի սնուցումը, արտաթորությունը և շնչառությունը: Սա նաև պտղին պաշտպանում է մոր արյան մեջ գտնվող վնասակար գործոններից` վարակներից, թույներից և այլն: Եթե ընկերքը վնասված կամ բորբոքված է, դրա պաշտպանական հատկությունները թուլանում են` հնարավորություն տալով, որ ՄԻԱՎ-ը ներթափանցի պտղի օրգանիզմ:

Ծննդաբերության ժամանակ երեխան վարակվում է ծննդաբերական ուղիներով անցնելիս` մոր արյան, հեշտոցային արտազատուկների հետ շփման կամ դրանք կուլ տալու միջոցով:

Կրծքով կերակրվելիս երեխան կարող է վարակվել անմիջականորեն կրծքի կաթի միջոցով կամ պտուկների, հարպտկային շրջանի մաշկի արյունահոսող վնասվածքներից մայրական արյուն կուլ տալու հետևանքով:

Առավել հաճախ ՄԻԱՎ-ը փոխանցվում է երեխային հղիության ուշ շրջանում,  անմիջականորեն ծննդաբերությունից առաջ, կծկանքների և ծննդաբերության ժամանակ:

 

Ինչպե՞ս կարող են անդրադառնալ հղիությունն ու ծննդաբերությունը ՄԻԱՎ վարակով հիվանդ կնոջ առողջական վիճակի և ինքնազգացողության վրա:

Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հղիությունը հիմնականում բացասաբար չի անդրադառնում ՄԻԱՎ վարակի ընթացքի վրա, չի արագացնում ՄԻԱՎ վարակ ունեցող կնոջ մոտ հիվանդության զարգացումը: Իսկ հղիությանը բնորոշ այնպիսի նշաններ, ինչպիսիք են՝ սրտխառնոցը, փսխումը, թուլությունը, գլխապտույտը կարող են լինել ոչ միայն ՄԻԱՎ-ով ապրող կանանց մոտ, այլև ցանկացած կնոջ մոտ` անկախ ՄԻԱՎ վարակից:

Հղիությունը կարող է բերել իմունային համակարգի ցուցանիշների ժամանակավոր իջեցման: Այսպես, CD4+ բջիջների քանակը կարող է իջնել մոտավորապես 50բջիջ/մլ3-ով: Որպես կանոն՝ իմունային համակարգը վերադառնում է սկզբնական վիճակին երեխայի ծնվելուց հետո:

 

Ե՞րբ է հնարավոր պարզել ՄԻԱՎ վարակ ունեցող մորից ծնված երեխայի ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակը

Եթե մայրը վարակված է ՄԻԱՎ-ով, նրա մոտ արտադրվում են հակամարմիններ, որոնք հղիության ընթացքում ընկերքի միջոցով փոխանցվում են պտղին: Հետևաբար ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված բոլոր նորածինների՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ սկզբնական հետազոտության արդյունքները կլինեն դրական: Սակայն դա չի նշանակում, որ նրանք բոլորը վարակված են ՄԻԱՎ-ով: Մայրական հակամարմինները շրջանառվում են նորածնի արյան մեջ 15-18 ամսվա ընթացքում: Ուստի ՄԻԱՎ վարակ ունեցող մորից ծնված երեխայի ՄԻԱՎ-ով վարակվածությունը հայտնաբերելու համար իմունաֆերմենտային հետազոտությունը` ԻՖԱ, պետք է կատարել երեխայի 18 ամիսը լրանալուց հետո: Գոյություն ունի նաև հետազոտության մեկ այլ մեթոդ` պոլիմերազային շղթայական ռեակցիա, որը հնարավորություն է տալիս հայտնաբերելու ուղղակիորեն վիրուսի առկայությունը և պարզելու ՄԻԱՎ-ի նկատմամբ նորածնի կարգավիճակը կյանքի առաջին ամիսների ընթացքում:

 

Արդյո՞ք անվտանգ է հղիության ընթացքում հակառետրովիրուսային դեղերի ընդունումը

Ընդհանրապես կանանց խորհուրդ չի տրվում հղիության ընթացքում դեղեր օգտագործել: Բայց դա չի վերաբերում այն դեպքերին, երբ անհրաժեշտ է նվազեցնել երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը և պահպանել մոր առողջությունը:

Հակառետրովիրուսային դեղերը լավ ուսումնասիրված են: Դրանց մեծ մասն անվտանգ է հղիության ընթացքում ընդունման և նորածնի համար:  Աշխարհում հազարավոր կանայք հղիության ընթացքում ստացել են հակառետրովիրուսային բուժում առանց սեփական և երեխայի առողջության համար որևէ բարդության և ունեցել են ՄԻԱՎ վարակից զերծ երեխաներ: Սակայն կան որոշ հակառետրովիրուսային դեղեր, որոնք չի կարելի ընդունել հղիության ընթացքում: Անհրաժեշտ դեղը կընտրի մասնագետը:

 

Պաշտպանու՞մ են արդյոք հակաբեղմնավորիչները ՄԻԱՎ-ով և սեռավարակներով վարակումից

Հակաբեղմավորիչներն օգնում են կանխել անցանկալի հղիությունը, սակայն չեն պաշտպանում սեռավարակներից և ՄԻԱՎ-ից: Սեռավարակներից և ՄԻԱՎ-ից չեն պաշտպանում նաև ներարգանդային պարույրը և ընդհատված սեռական հարաբերությունը: Միայն պահպանակներն են ապահովում եռակի պաշտպանություն` կանխելով ՄԻԱՎ-ով, սեռավարակներով վարակումը և անցանկալի հղիությունը:

Արդյո՞ք սպորտով զբաղվող կամ մարզասրահներ հաճախող մարդիկ չեն ենթարկվում ՄԻԱՎ-ով վարակման վտանգի

Ներկայումս արձանագրված չէ սպորտով զբաղվելու ընթացքում մարզիկների ՄԻԱՎ-ով վարակման որևէ դեպք: Սակայն տեսականորեն ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգ կա այն սպորտաձևերում, որտեղ մրցապայքարի ընթացքում հնարավոր են արյունահոսող վերքերի առաջացումը և մարզիկների մարմինների միմյանց հետ շփումն այն հատվածներում, որտեղ կան քերծվածքներ կամ արյունահոսող վերքեր: Երբ մրցապայքարի ժամանակ մարզիկներից որևէ մեկը ստանում է արյունահոսությամբ ուղեկցվող վնասվածք, անհրաժեշտ է ընդհատել մրցույթը, դադարեցնել արյունահոսությունը, մշակել վերքը և կապել: Օգնություն ցուցաբերելիս պետք է կրել ռետինե ձեռնոցներ: