Դիմել մեզ
Պատմություն

Պատմություն

Պատմություն

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը կազմավորվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորմամբ՝ 2020-ի տարեսկզբից։ Մինչ այդ նախկին երկու կենտրոններն անցել են կայացման ու զարգացման երկարամյա փուլեր։
Մինչև ազգային կենտրոնի ձևավորմանն ու դրանից հետո կենտրոնում կատարված փոփոխություններին անդրադառնալը՝ ներկայացնենք ինֆեկցիոն հիվանդությունների կառավարման ոլորտում առանցքային դեր ունեցող երկու կառույցների անցած ճանապարհը։

Պատմություն

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց

Հիմնադրում 
Կենտրոնը հիմնադրվել է 1956 թ․-ին՝ որպես N2 մանկական ինֆեկցիոն հիվանդանոց՝ Երևանում
գործող Սարի Թաղի N1 ինֆեկցիոն հիվանդանոցի մանկական բաժանմունքի հետ համատեղ
արդյունավետ բուժօգնության կազմակերպման համար:
N2 մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի բացումով նախատեսվում էր Երևանում ունենալ
աղիքային ինֆեկցիոն պաթոլոգիաների բուժման մասնագիտացած կենտրոն, որը կսպասարկեր
ինչպես նորածինների, այնպես էլ մինչև 18 տարեկան քաղաքացիների:
Զարգացում
«Նորք» մանկական կլինիկական հիվանդանոցը դարձավ երկրում մանկական ազգաբնակչությանը մասնագիտացած ստացիոնար բուժօգնություն տրամադրող ամենամեծ կենտրոնը: Այստեղ էր գործում նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի մանկական մասը, որն ուսումնակրթական գործունեություն էր ծավալում:
1996 թ․-ից «Նորք» մանկական ինֆեկցիոն հիվանդանոցը սկսեց սպասարկել նաև մեծահասակների, այդ թվում՝ զինծառայողների։
1998 թ․–ին հիվանդանոցը ամբողջությամբ վերապրոֆիլավորվեց՝ վերանվանվելով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Շուրջ 300 մահճակալային ֆոնդ ունեցող հիվանդանոցում գործում էին մանկական, աղիքային, օդակաթիլային և ինտեսիվ թերապիայի, լյարդաբանական և այլ բաժանմունքներ:
Հիվանդանոցում աշխատում էին երկրում մեծ ճանաչում ունեցող, երկար տարիների մասնագիտական փորձով անվանի բժիշկներ։
Տարբեր տարիներին բարեգործական կազմակերպությունների և բարերարների աջակցությամբ հիվանդանոցը մասնակիորեն վերանորոգվել է, նվիրաբերվել են ճառագայթային և լաբորատոր ախտորոշման ժամանակակից սարքավորումներ:
2011 թ.-ին ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնին միացել է Առողջապահության ազգային ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնը: Հիմնադրման առաջին իսկ օրից ամբիոնի կլինիկական բազաներ են եղել Երևանի N1 ինֆեկցիոն հիվանդանոցը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը և 2000 թ.-ից` «Արմենիկում» կլինիկա-հետազոտական կենտրոնը:
2020 թ․-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը Հայաստանում առաջինն էր, որ ընդունեց նոր կորոնավիրուսային վարակով առաջին պացիենտին: Համավարակի տարածմանը զուգահեռ՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերապրոֆիլավորվեց որպես Covid կենտրոն: Տասն օրվա ընթացքում հիվանդանոցի բակում կառուցվեց մոդուլային ընդունարան՝ 40 մեկուսարաններով, որոնք նախատեսված էին կորոնավիրուսային վարակով պացիենտների մեկուսացման համար:

Պատմություն

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն ստեղծվել է 1989 թ․–ին, Առողջապահության նախարարության որոշմամբ, «Դիագնոստիկա» գիտագործնական կենտրոնում գործող լաբորատորիայի բազայի հիման վրա՝ ՀՀ բնակչության շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, հսկման նպատակով:
2002 թ․–ին ՀՀ կառավարությունը հաստատել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային առաջին ծրագիրը։ Հենց այդ ժամանակ էլ մեկնարկել է ՄԱԿ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի արդյունավետ համագործակցությունը։
ՄԻԱՎ-ին վերաբերող ազգային ռազմավարություններով սահմանված միջոցառումների հիմնական իրականացնողը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն է:
2005 թ․-ին Աճառյան 2 հասցեում գտնվող ընդարձակ մասնաշենքը ՀՀ Կառավարության ջանքերով տրամադրվեց կենտրոնին և մասնակի վերանորոգվեց ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի «Գլոբալ» հիմնադրամի աջակցությամբ: 2005-ից ՁԻԱՀ-ի կենտրոնը եղել է նաև «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի» համաճարակաբանության ամբիոնի ուսումնական բազան:
Այս տարիների ընթացքում «Գլոբալ» հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի և ՌԴ աջակցության ծրագրի շրջանակներում վերանորոգվել և կահավորվել են ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի ենթակառուցվածքները: 2018 թ․-ին «Գլոբալ» հիմնադրամի աջակցությամբ բացվել է արդիական սարքավորումներով հագեցված  և հիմնանորոգված նոր լաբորատոր ենթակառուցվածքը։ Այդ թվականին նաև կառուցվել է արևային ֆոտոէլեկտրական կայան, որը հնարավորություն է տալիս տնտեսված ֆինանսական միջոցներն ուղղելու ՄԻԱՎ վարակով նոր պացիենտների՝ դիսպանսերային հսկողության մեջ ներգրավմանը։ 2019 թ․-ին կայացել է բժշկական օգնության և սպասարկման բաժնի նոր ենթակառուցվածքը։
2014-2022 թթ․ ընթացքում ՌԴ Ռոսպոտրեբնադզորի աջակցության օգնության ծրագրի շրջանակում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին են նվիրաբերվել 4 շարժական բուժախտորոշիչ կլինիկաներ, որոնց շնորհիվ ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայություններն առավել հասանելի են դարձել հեռավոր մարզերում, ավելացել է հետազոտվողների թիվը։
ՌԴ աջակցության ծրագրի շրջանակում կենտրոնում իրականացվել են շուրջ մեկ տասնյակ գիտահետազոտական աշխատանքներ մի քանի ուղղություններով։
Իր գործունեության ողջ ընթացքում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հասել է զգալի հաջողությունների երկրում  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին արդյունավետ հակազդման, ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների հասանելիության մեծացման, կադրային ներուժի զարգացման, որակյալ բժշկական ծառայությունների տրամադրման գործում:

Պատմություն

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորումն ու Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ստեղծումը

Առողջապահական համակարգի շարունակական բարեփոխումների նպատակով 2020-ին միավորվեցին երկու կառույցները՝ առավել արդյունավետ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միացումը հիվանդանոցին դրականորեն է անդրադառնում պացիենտների բուժման կազմակերպման գործընթացի վրա, ինչպես նաև նպաստում է կենտրոնի տեխնիկական հնարավորություններն օգտագործել նաև մի շարք այլ, հաճախ նաև` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին ուղեկցող վարակիչ հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացներում:
Երկու տարի անց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն իր այցելուներին կընդունի առավել հարմարավետ, արդի սարք-սարքավորումներով հագեցած և հիմնովին վերակառուցված ու վերանորոգված նոր մասնաշենքում՝ մատուցելու ավելի որակյալ, միջազգային նմանատիպ կենտրոններին չզիջող բժշկական ծառայություններ:

Պատմություն