
Ամռանն ակտիվանում են աղիքային վարակիչ հիվանդությունները։
NEWS.am-ի հետ զրույցում ԻՀԱԿ մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Աննա Ստեփանյանը նշել է՝ կախված ախտանիշների ծանրության աստիճանից քաղաքացիները կարող են դիմել առողջության պահպանման առաջնային օղակ, ապա, ըստ անհրաժեշտության, անցնել ստացիոնար բուժման։
Թե ինչպես խուսափել վարակներին և ովքեր են ռիսկի խմբում, կարդացեք ստորև։
Վերջին շրջանում մանկահասակ երեխաների ծնողներն ահազանգում են, որ երեխաների մոտ պարբերաբար բարձր ջերմություն, թուլություն ու փսխումներ են նկատվում։ NEWS.am–ի հետ զրույցում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ–համաճարակաբան Ներսես Գրիգորյանը նշեց, որ ամռանը մշտապես ակտիվանում են աղիքային վարակիչ հիվանդությունները, սակայն այս պահին իրավիճակը վերահսկելի է։
«Աղիքային վարակիչ հիվանդություններին բնոշոր մի շարք ախտանշաններ կան. առաջին հերթին՝ ջերմաստիճանի բարձրացում, սրտխառնոցի, փխսման, լուծի առկայություն։ Աղիքային վարակիչ հիվանդություններով ավելի հաճախ հիվանդանում են երեխաները, բայց ռիսկի խմբում են նաև տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ»,–նշեց բժիշկը։
Ներսես Գրիգորյանի խոսքով, աղեստամոքսային վիրուսները մարդու օրգանիզմ են ներթափանցում հիմնականում սննդի և ջրի միջոցով։
«Կանխարգելման համար առաջին հերթին մարդիկ պետք է պահպանեն անձնական հիգիենայի կանոնները, ձեռքերը պարբերաբար լվանան օճառով։ Բացի այդ, պետք է ճիշտ պայմաններում պահել սննդամթերքը, շուտ փչացող սննդամթերքը պահպանել սառնարանում՝ փաթեթավորված։ Եփած սննդամթերքը պետք է պահել ավելի բարձր դարակներում, հում սննդամթերքն ավելի ցածր դարակներում։ Շատ կարևոր է սննդամթերքի և՛ մշակումը, և պատրաստումը։ Եթե մենք ունենք հա՛մ հում, հա՛մ եփած սննդամթերք, և օգտագործում ենք խոհանոցային նույն պարագաները, պետք է անընդհատ լվանալ դրանք, որպեսզի վարակը մի սննդատեսակից մյուսին չփոխանցվի»,–նշեց բժիշկը։
Բժիշկ–համաճարակաբանի խոսքով, աղիքային վարակները կարող են տարածվել նաև ջրի միջոցով. թեև ծորակից խմելու ջուր է հոսում, բայց լինում են դեպքեր, երբ համակարգում խնդիրներ են առաջանում։ Այդ դեպքում հարկավոր է ուշադիր լինել, և եթե նկատում եք, որ ջուրը պղտոր է կամ առկա է որոշակի հոտ, պետք է խուսափել այն խմելու համար օգտագործելուց։ Նման ջուրը կարելի է օգտագործել միայն եռացնելուց և սառեցնելուց հետո։
«Հիմա բնության գրկում խնջույքների սեզոնն է սկսվել։ Պետք է շատ ուշադիր լինել, վերցնել լվացած միրգ–բանջարեղեն, որովհետև տեղում հաճախ հնարավորություն չի լինում։ Պետք է խուսափել կրեմային հրուշակեղեն, տարբեր մսամթերքներ, երշիկներ տանելուց։ Մսամթերք օգտագործելու դեպքում հարկավոր է ճիշտ պատրաստել այն։ Խոերովածն, օրինակ, երկար պահել կրակին»,–նշեց Ներսես Գրիգորյանը։
Նա հորդորեց աղիքային վարակի ախտանշանների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, պետք է դիմել բժշկին։
«Եթե առանց բժշկի նշանակման օգտագործեն հակաբիոտիկներ, կարող է վարակն ուղղակի չանցնել և ստանալ քրոնիկ ընթացք։ Կամ մանրէները կարող են դառնալ դիմակայուն, ինչի հետևանքով բուժումն ավելի դժվար է լինում»,–նշեց նա։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Աննա Ստեփանյանի խոսքով, կախված ախտանիշների ծանրության աստիճանից քաղաքացիները կարող են դիմել առողջության պահպանության առաջնային օղակ՝ մանկաբույժին կամ թերապևտին, ու արդեն ըստ անհրաժեշտության անցնել ստացիոնար բուժման։
«Աղիքային հիվանդություններով ավելի հակված են հիվանդանալ երեխաները և մեծահասակները։ Թեև հստակ տարիքային խումբ առանձնացնել դժվար է, բայց իրականում ավելի հաճախ հանդիպում են երեխաների մոտ»,–ասաց նա՝ նշելով, որ ըստ ախտանիշների ծանրության աստիճանի, բուժման մեթոդները կարող են տարբերվել։
Բժիշկ–վարակաբանի խոսքով, Էնտերովիրուսային վարակները փոխանցվում են բերանա-կղանքային և օդակաթիլային ճանապարհներով, հետևաբար վիրուսի տարածումը կանխարգելելու համար հարկավոր է հետևել անձնական հիգիենայի կանոններին։ Բացի այդ կարևոր է օգտագործվող միրգն ու բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ։