Դիմել մեզ

Բրուցելոզ. Ինչպե՞ս է տարածվում, որո՞նք են ախտանշանները

Բրուցելոզ. Ինչպե՞ս է տարածվում, որո՞նք են ախտանշանները

11.03.2025
Բրուցելոզ. Ինչպե՞ս է տարածվում, որո՞նք են ախտանշանները

Բրուցելոզը կենդանիների հիվանդություն է (զոոնոզ), որը, սակայն, ախտահարում է նաև մարդկանց։ Հիվանդությանը բնորոշ է  երկարատև տենդը սուր շրջանում, քրոնիկական ընթացքը, տարբեր օրգան-համակարգերի ախտահարումով՝ գործնականում բոլոր օրգանները կարող են ախտահարվել․ հոդեր, նյարդեր, սիրտ, գլխուղեղ, լյարդ, ամորձիներ, մարսողական համակարգ, շնչառական համակարգ։

 

Վարակը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանիներից՝ խոշոր եղջերավոր անասուններից, խոզերից, այծերից, ոչխարներից, շներից:

 

Հիշեցում՝ մարդը մարդու համար վարակիչ չի համարվում, բացառություն կարող է լինել միայն բրուցելոզով ակտիվ հիվանդ մայրը կրծքով կերակրման ժամանակ։

Հայաստանի Հանրապետությունը համարվում է էնդեմիկ գոտի բրուցելոզի համար: Հիվանդացությունը բոլոր տարիքային խմբերում կարող է հանդիպել։

 

Մարդիկ կարող են վարակվել

  • թերի ջերմային մշակման ենթարկված՝ թերեփ ոչխարի, կովի, այծի կամ ուղտի միս ուտելուց,
  • որսի թերեփած միս օգտագործելուց, օրինակ ՝ բիզոնի, էլկի, կարիբուի, ամերիկյան էլկի և վայրի վարազի մսից,
  • վարակված կենդանու միս մշակելու ընթացքում,
  • չպաստերիզացված (հում) կաթի կամ աղտոտված կաթից պատրաստված այլ կաթնամթերքի օգտագործումից՝ հատկապես անալի պանիրներից,
  • վարակված կենդանիների մարմնի հեղուկների՝ աչքեր, քիթ կամ բերան մուտքից,
  • Ինֆեկցված կենդանու հյուսվածքներին կամ արտազատուկներին (պլացենտա, աբորտված պտուղ, արյուն, մեզ, կաթ) մաշկի կամ լորձաթաղանթների կոնտակտից,
  • բրուցելոզի նմուշների հետ լաբորատոր աշխատանքից,
  • Բրուցելոզ առաջացնող բակտերիաների ներշնչումից։

 

Ռիսկի խմբերն են

  • Հովիվներ
  • Սպանդանոցի աշխատողներ
  • Անասնաբույժներ
  • Կաթնամթերքի արդյունաբերողներ
  • Հատուկ վտանգավոր վարակների հետ աշխատող լաբորատորիաների անձնակազմ

 

Հիմնական նշաններն ու սիմպտոմները

  • աստիճանական տենդ (կտրուկ և դողով, կամ ընդմիջվող, կամ մեղմ, կամ ձգձգվող)
  • թուլություն
  • գիշերային քրտնարտադրություն (ուժեղ, տհաճ, յուրահատուկ հոտով)
  • մկանացավեր, հոդացավեր
  • բացի հիմնական նշաններից՝ բրուցելոզը կարող է արտահայտվել ամենատարբեր դրսևորումներով՝ լյարդի անալիզներում շեղումներ, փայծաղի մեծացում, գլխացավեր, հաճախասրտություն, անգամ դեպրեսիա կամ հոգեկան ոլորտի այլ խանգարումներ։

 

Բրուցելոզի վերաբերյալ առաջնահերթ պետք է հետազոտվեն բարձր ռիսկի խմբի անձինք, սակայն, ելնելով հիվանդության ամենատարբեր դրսևորումներից և այն հանգամանքից, որ ՀՀ-ում այն բավականին տարածված է, խորհուրդ է տրվում գործնականում գրեթե բոլոր անհասկանալի առողջական խնդիրների դեպքում հետազոտվել բրուցելոզի համար։

 

Ախտորոշում

 Ախտորոշման համար գոյություն ունեն մի շարք հետազոտություններ, հիմնականում դրանք արյան միջոցով իրականացվող անալիզներ են, երբեմն կարիք է լինում անալիզը կրկնել շաբաթներ անց՝ ախտորոշման վերջնական հաստատման համար։ Այլ հետազոտություններ ևս կարող է բժիշկը նշանակել՝ ՄՌՇ,  սոնոգրաֆիկ, ռենտգեն հետազոտություն։

 

Բուժում

Բրուցելոզի բուժման համար անհրաժեշտ է ամենաքիչը 2 հակաբիոտիկի կիրառում։ Հակաբիոտիկները պետք է նշանակվեն բացառապես բժշկի կողմից՝ ճիշտ բուժական սխեմայով։

 

Ի տարբերություն շատ այլ հիվանդությունների՝ բրուցելոզի բուժումը պահանջում է երկարատև հակաբիոտիկների ընդունում, առնվազն 6 շաբաթ, երբեմն անգամ մինչ 1 տարի։ Եվ այո, այսքան երկար հակաբիոտիկներ նշանակելուց ևս չեն նշանակում հակասնկային բուժում։

 

Կանխարգելիչ միջոցառումներ

  • Եռացնել կաթը օգտագործումից առաջ, խուսափել հում կամ կիսաեփ կենդանական ծագման մթերքից,
  • Կանոնավոր ստուգումներ և ինֆեկցված անասունների սպանդի կազմակերպում,
  • Խոշոր եղջերավորների պատվաստում բրուցելոզի դեմ,
  • Պաշտպանիչ ձեռնոցների և հագուստի օգտագործում անասունների խնամքի ժամանակ, հատկապես վիժումով կենդանիներին օգնություն ցուցաբերելիս,
  • Ձեռնոցներով պետք է աշխատել նաև տանը միսը մշակելիս։