Ջրծաղիկը հղիության ընթացքում

Ի՞նչ է ջրծաղիկը։
Ջրծաղիկը վիրուսային հիվանդություն է։ Այն հարուցվում է Varicella Zoster վիրուսով:
Մանկական տարիքում այն հիմնականում ընթանում է թեթև, առանց բարդությունների, և հենց երեխաներն են համարվում վարակի հիմնական տարածողները։ Մեծահասակների (>18տարեկանից) մոտ բարդությունները հանդիպում են ավելի հաճախ։ Հղիների մոտ ևս բարդությունների ռիսկն ավելի բարձր է։
Հղիության ո՞ր ժամկետում է վտանգավոր ջրծաղիկը։
Հղիության առաջին եռամսյակում (հիմնականում 5-12 շաբաթներ) պտղի մոտ արատների առաջացման ռիսկը կազմում է 0,4%:
Հղիության երկրորդ եռամսյակում (հիմնականում մինչև 20 շաբաթական) պտղի մոտ արատների զարգացման ռիսկն առավելագույնն է և կազմում է մինչև 2%:
Երրորդ վտանգավոր շրջանը պտղի համար ծննդալուծումից 5 օր առաջ և մինչև հետծննդյան 2օրն է, երբ երեխան կարող է ներարգանդային վարակվել, սակայն չի հասցնում մորից ստանալ հակամարմիններ և հիվանդության դեմ պայքարում է ինքնուրույն։
Ի՞նչ բնածին արատներ կարող է առաջացնել ջրծաղիկը։
Արատներ կարող են առաջանալ շատ տարբեր օրգան համակարգերում․ կարող են լինել գլխուղեղի զարգացման խնդիրներ (միկրոցեֆալիա, հիդրոցեֆալիա), վերջույթների զարգացման խնդիրներ (վերջույթի մասնակի բացակայություն), աչքի տարատեսակ հիվանդություններ, մարսողական համակարգի արատներ (աղու ատրեզիա), մաշկի վրա սպիերի առաջացում։
Արդյո՞ք պետք է ընդհատել հղիությունը, եթե հղին վարակվել է ջրծաղիկով։
Միանշանակ ոչ։ Չնայած ջրծաղիկը կարող է առաջացնել բնածին արատներ, այնուամենայնիվ խորհուրդ չի տրվում հղիությունն ընդհատել, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, ջրծաղիկի հնարավոր արատների առաջացումը շատ հազվադեպ է, և հղիի ճիշտ հսկողության դեպքում (հիվանդությունից 5 շաբաթ անց պտղի ուլտրաձայնային հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև հարպտղային հեղուկի հետազոտություն) հնարավոր է հասկանալ ՝ առաջացել է, արատ թե ոչ։
Արդյո՞ք կա բուժում հղիության դեպքում։
Այո։ Ինչպես մյուս չափահաս անձանց, հղիներին ևս խորհուրդ է տրվում ստանալ հակավիրուսային բուժում ջրծաղիկի կապակցությամբ։ Ի տարբերություն մյուս չափահաս անձանց՝ հղիներին խորհուրդ է տրվում բուժումը սկսել ցանի առաջացումից հետո առաջին 24 ժամերի ընթացքում։
Արդյո՞ք հնարավոր է կանխարգելել ջրծաղիկը։
Ջրծաղիկով հիվանդ անձի հետ շփումից հետո նախատեսված են միջոցառումներ որոնք կարող են կանխել հիվանդության զարգացումը (հետկոնտակտային կանխարգելում)։ Հարկավոր է դիմել բժշկի, որը կգնահատի հիվանդանալու ռիսկը և կներկայացնի կանխարգելման տարբերակները։
Մինչև հղիությունը հնարավոր է կանխել ջրծաղիկով վարակվելը պատվաստման միջոցով։ Պատվաստումից հետո հարկավոր է սպասել մեկ ամիս, այնուհետև պլանավորել հղիությունը։
Ինչպե՞ս իմանալ՝ ունենք իմունիտետ ջրծաղիկի դեմ, թե ոչ։
Հարկավոր է որոշել ջրծաղիկի նկատմամբ իմունոգլոբուլին ջիի (IgG) մակարդակն արյան մեջ։ Կախված ցուցանիշից՝ բժիշկը կարող է ձեզ ասել՝ արդյոք դուք պաշտպանված եք, թե ոչ։ Այսինքն՝ այս հետազոտությամբ հնարավոր է որոշել նաև պատվաստման և հետկոնտակտային կանխարգելման անհրաժեշտությունը։