Դիմել մեզ

Տուբերկուլոզը ՄԻԱՎ վարակով անձանց մոտ

Տուբերկուլոզը ՄԻԱՎ վարակով անձանց մոտ

12.03.2025
Տուբերկուլոզը ՄԻԱՎ վարակով անձանց մոտ

ՄԻԱՎ վարակով անձանց մոտ իմունային անբավարարության զարգացման հետ մեկտեղ սկսում են միանալ և/կամ ակտիվանալ տարբեր վարակներ և այլ երկրորդային  հիվանդություններ: Տուբերկուլոզը ՄԻԱՎ վարակով անձանց շրջանում ամենատարածված օպորտունիստական վարակներից է և մահվան հիմնական պատճառներից է (30%)։ Տուբերկուլոզով հնարավոր է հիվանդանալ ՄԻԱՎ վարակի ցանկացած փուլում, ինչը բարդացնում է երկու վարակների ընթացքն ու բուժումը: ՄԻԱՎ վարակով անձանց շրջանում  տուբերկուլոզը ծանր ընթացք է ունենում և հանգեցնում է հիվանդության բարդացման և խորացման, ինչի պատճառը իմունային համակարգի անբավարարությունն է։ ՄԻԱՎ վարակը տուբերկուլոզի զարգացման ամենահզոր ռիսկի գործոնն է։ ՄԻԱՎ վարակով անձանց շրջանում 15-22 անգամ բարձր է ակտիվ ՏԲ-ի զարգացման վտանգը՝ ՄԻԱՎ չունեցող անձանց համեմատ: Այդ պատճառով տուբերկուլոզն ախտորոշելու դեպքում պացիենտին անհրաժեշտ է հետազոտել  նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ և հակառակը՝ ՄԻԱՎ վարակով անձին անհրաժեշտ է դիտարկել որպես տուբերկուլոզով պոտենցիալ հիվանդ և կազմակերպել  անհրաժեշտ հետազոտությունները տուբերկուլոզը ախտորոշելու համար։

 ՏԲ-ի թոքային ձևը ՄԻԱՎ վարակով անձանց շրջանում ՏԲ-ի առավել տարածված ձևերից է։ Իմունային անբավարարության խորացմանը զուգընթաց բարձրանում է արտաթոքային ՏԲ-ի (ավշային հանգույցների, կենտրոնական նյարդային համակարգի, միզասեռական օրգանների, որովայնի խոռոչի օրգանների, ողնաշարի, մաշկի և այլն) զարգացման հավանակությունը։

ՄԻԱՎ վարակով պացիենտների շրջանում տուբերկուլոզի հիմնական ախտանշաններն են.

  • 370C-ից ավել մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
  • հոգնածության և թուլություն,
  • առատ քրտնարտադրություն,
  • մարմնի զանգվածի կորուստ,
  • 2 և ավելի շաբաթների ընթացքում հազի առկայություն,
  • ցավեր որովայնում,
  • ծայրամասային ավշահանգույցների մեծացում:

ՄԻԱՎ/ՏԲ համակցված վարակով բոլոր պացիենտներն ունեն ՄԻԱՎ վարակի և ՏԲ-ի բուժման կարիք: Առաջնահերթ է համարվում ՏԲ-ի բուժումը, որը սկսվում է ակտիվ ՏԲ-ի ախտորոշումը հաստատվելուց անմիջապես հետո: Դրանից հետո՝ հնարավորինս շուտ` առաջին 2 շաբաթվա ընթացքում, սկսվում է հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում: ՄԻԱՎ/ՏԲ համակցված վարակով պացիենտները պետք է գտնվեն մշտական բժշկական հսկողության տակ, հետևողականորեն կատարեն ֆթիզիատրի և վարակաբանի ցուցումները:

Շատ կարևոր է տուբերկուլոզի կանխարգելումը, որի նպատակով ՄԻԱՎ վարակով անձանց նշանակվում է  քիմիականխարգելում հակատուբերկուլոզային դեղերով: Արդյունավետ ՀՌՎ բուժումը ևս  մեծ դեր ունի տուբերկուլոզի կանխարգելման հարցում:

ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի և տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն անվճար է։