Ցանով ուղեկցվող վիրուսային հիվանդություններ

Ցանով ուղեկցվող վիրուսային հիվանդություններ սովորաբար սկսվում են սուր և ուղեկցվում են ջերմության բարձրացմամբ, քթահոսությամբ, ընդհանուր թուլությամբ և վիրուսային հիվանդություններին բնորոշ այլ գանգատներով:
Սովորաբար այս գանգատներին հաջորդում է կամ զուգահեռաբար առաջանում է ցանը, որը կարող է առաջանալ մարմնի ցանկացած հատվածում, սակայն առավել հաճախ սկսվում է դեմքի և իրանի շրջանում, այնուհետև տարածվում։
Ցանը կարող է լինել կարմիր կետերի (պապուլա), լաքաների (մակուլա), բշտիկների (վեզիկուլա), բշտերի (բուլա), խոցերի տեսքով կամ դրանց համադրությամբ, կարող է ուղեկցվել քորով։
Ջերմությունը և ընդհանուր գանգատները հիմնականում անցնում են մի քանի օրերի ընթացքում, իսկ ցանը կախված կոնկրետ պատճառից կարող է տևել մի քանի օրից մինչև շաբաթներ։
Արդյո՞ք վարակիչ է ցանով պացիենտը և ինչքա՞ն։
Այո։ Վիրուսների մեծամասնության դեպքում ցանով պացիենտները վարակիչ են լինում անգամ մինչև ցանավորումը (1-2 օր հիմնականում), իսկ առավել վարակիչ համարվում են ցանավորման առաջին օրերին, երբ առկա է նաև ջերմության բարձրացում։ Բացառություն է, օրինակ, շատ տարածված պարվովիրուս Բ19-ը, նույն ինքը՝ հինգերորդ հիվանդությունը, որը ցանի հայտնվելուց հետո համարվում է ոչ վարակիչ։
Արդյո՞ք վիրուսային ցանն անցնում է անհետք։
Հիմնականում այո։ Հետաքրքիր ընթացք կարող է ունենալ էնտերովիրուսային ցանը (ձեռք-ոտք-բերանի հիվանդություն, Կոկսակի վարակ)։ Այս հիվանդության ապաքինման ընթացքում հնարավոր է՝ եղունգներն ընկնեն, սակայն սա շատ մտահոգիչ չէ, քանի որ այնուհետև ինքուրույն աճում են։
Արդյո՞ք կարելի է լոգանք ընդունել ցանավորված վիճակում։
Այո։ Ցանով ընթացող վիրուսային վարակները հակացուցում չեն լոգանքի համար։ Ավելին՝ լոգանքն օգնում է մաշկը մաքուր պահել, որոշ դեպքերում էլ կառավարել քորը։ Անգամ ջրծաղիկի դեպքում հարկավոր է կանոնավոր լոգանք ընդունել։
Ե՞րբ դիմել բժշկի։
Ցանով ընթացող վիրուսային վարակները սովորաբար որպես բուժում պահանջում են միայն ջերմիջեցնող ցավազրկողների, երբեմն՝ հակաալերգիկ դեղորայքի ընդունում և կարգավորվում են տնային պայմաններում։ Սակայն, եթե վիճակը հաջորդող օրերին ավելի վատանում է, ջերմությունը պահպանվում է հինգ օր և ավելի, երեխան փոքր է (< 1տ), առկա է հղիություն, ցանից առկա է թարախային արտադրություն, առաջացել են արյունազեղումներ (կապտուկներ), ապա հարկավոր է դիմել ձեր տեղամասային բժշկին։
Եվ վերջում հիշենք, որ Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում ներառված են առավել վտանգավոր ցանով ընթացող վիրուսային վարակների դեմ պատվաստուները՝ կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ։