Հայաստանի Հանրապետությունում ինչպե՞ս է հեպատիտ Ց-ի բուժման կարգը

Ի՞նչ հիվանդություն է քրոնիկ հեպատիտ Ց-ն։
Քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ն ինֆեկցիոն հիվանդություն է, որի ժամանակ գլխավորապես ախտահարվում է լյարդը: Հիվանդությունը հաճախ ընթանում է անախտանիշ, սակայն տարիների քրոնիկ ընթացքը կարող է հանգեցնել լյարդի ցիռոզի կամ քաղցկեղի առաջացման: Այդ պատճառով բնակչությանը խորհուրդ է տրվում պարբերաբար հետազոտվել հիվանդության վաղ հայտնաբերման և բուժման նպատակով:
Հայաստանի Հանրապետությունում ինչպե՞ս է հեպատիտ Ց-ի բուժման կարգը։
2020թ-ից սկսած ՀՀ-ում իրականացվում է քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ի բուժման պետական ծրագիր, որի շրջանակներում իրականացվում է հեպատիտ Ց-ի անվճար բուժում ուղղակի ազդող հակավիրուսային դեղերով: 2022թ-ի կեսերից բուժումն իրականացվում է սոֆոսբուվիր/վելպատասվիր սխեմայով, որը համարվում է աշխարհում լավագույն սխեմաներից մեկը, ունի շատ բարձր արդյունավետություն, 2 պրեպարատը գտնվում է 1 հաբի մեջ, պացիենտն ընդունում է օրական 1 հաբ, հիմնականում՝ 12 շաբաթ տևողությամբ (հիվանդության փուլից կախված՝ հնարավոր է 24 շաբաթ տևողությամբ), այսինքն՝ հարմարավետ է ընդունման համար և ունի բավականին լավ տանելիություն:
Ի՞նչ է հարկավոր ծրագրին մասնակցելու համար։
Ծրագրի մեջ ընդգրկվող պացիենտները պետք է ունենան համապատասխան ախտորոշում, այսինքն՝ հեպատիտ Ց վիրուսի հայտնաբերում որակական ՊՇՌ մեթոդով, որը ներկայումս Ինֆեկցիոն հիվանդությունների ագային կենտրոնում իրականացվում է անվճար։ Այնուհետև պետք է անցնել որոշ պարտադիր լաբորատոր-գործիքային հետազոտություններ՝ հիվանդության փուլը, ընդհանուր առողջական վիճակը գնահատելու համար: Նշված հետազոտությունները հասանելի են թե՛ ԻՀԱԿ-ում, թե՛ առողջության պահպանման առաջնային օղակներում: Ըստ բժիշկ մասնագետի՝ սահմանված կարգով տրամադրած դեղատոմսի, պացիենտը մոտենում է ԻՀԱԿ և ստանում իր դեղերը: Դեղերը տրամադրվում են յուրաքանչյուր ամսվա կտրվածքով 1 տուփ:
Ինչպե՞ս հասկանալ՝ բուժումն արդյունավետ է եղել, թե՞ ոչ:
Բուժման արդյունավետությունը գնահատվում է բուժման ավարտից 12 և/կամ 24 շաբաթ անց հեպատիտ Ց-ի որակական ՊՇՌ հետազոտությամբ: Բացասական արդյունքի դեպքում արձանագրվում է կայուն վիրուսաբանական պատասխան, այսինքն՝ բուժումը եղել է արդյունավետ: