Դիմել մեզ

2025 թվականը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում

30.12.2025
2025 թվականը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում

2025 թվականը Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համար դարձավ զարգացման, ընդլայնման, ինչպես նաև նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի։ Տարին նշանավորվեց կարևոր ծառայությունների ընդլայնմամբ, կառուցվածքային փոփոխություններով և առողջապահական համակարգում կենտրոնի դերի առավել հստակ ամրապնդմամբ։

2025 թվականը դարձավ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի զարգացման նոր էջ, որը հիմնված է թիմային աշխատանքի, որակի, հասանելիության և հանրային առողջության նկատմամբ պատասխանատվության վրա։

Միասին` հանուն կյանքի: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի թիմը ապրիլին սիրով միացավ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության ազգային կենտրոնի` անվարձահատույց արյունատվության արշավին: Արյունատվությանը մասնակցած մեր թիմակիցները դարձան նաև 1/5000-ից ակումբի ներկայացուցիչ:

2025 թվականի ընթացքում ԻՀԱԿ-ը շարունակել է համագործակցությունը Գլոբալ հիմնադրամի, Ռոսպոտրեբնադզորի, Աշխարհի բժիշկների, Բժիշկներ առանց սահմանների և այլ գիտահետազոտական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ:

Հյուրընկալել ենք Ֆրանսիայի Պաստյորի ինստիտուտի վիրուսաբանության բաժնի ղեկավար Ժան-Պիեռ Վարդանյանին և Nuclear Organization & Oncogenesis-ի գիտահանրապետական տնօրեն Պասկալ Պինոյին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վիրուսաբանության ոլորտի արդի ձեռքբերումներն ու միջազգային նոր ուղղությունները, փորձի փոխանակման և համատեղ գիտահետազոտական նախագծերի հնարավորությունները։

ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացվել է Անհետաձգելի բուժօգնության բաժանմունք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է նոր և վերազինված պայմաններին:

Բաժանմունքը նախատեսված է արագ բուժօգնություն, կարճատև հոսպիտալացում և տարբերակիչ ախտորոշում պահանջող իրավիճակների համար։

Նախարարը նոր բաժանմունքի բացումը համարել է կարևոր քայլ մայրաքաղաքի բնակչությանը որակյալ շտապ բուժօգնությամբ ապահովելու և համաճարակաբանական անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը սպասարկում է պետական պատվերի շրջանակում՝ համապատասխան բժշկական ցուցումների դեպքում։

Նորաբաց բաժանմունքում կարող են սպասարկվել բոլոր տարիքային խմբերի անձինք։

Միջազգային ու տեղական բոլոր ժամանակակից չափանիշներին համապատասխան կահավորված բաժանմունքում հասանելի են նաև լաբորատոր և գործիքային ախտորոշման շուրջօրյա ծառայություններ։ 2025-ի օգոստոսից մինչև տարեվերջ բաժանմունքը սպասարկել է 500-ից ավելի քաղաքացու։

Կենտրոնը ամբողջ 2025 թվականին իր ակտիվ գործունեությունը շարունակեց հանրապետության մարզերում և հեռավոր համայնքներում։ Շարժական կլինիկաների միջոցով իրականացվեցին այցեր տարբեր մարզեր՝ ապահովելով բժշկական ծառայությունների հասանելիություն այն բնակավայրերում, որտեղ դրանք սահմանափակ են։ 2025 թվականի ընթացքում 31000 անձ հետազոտվել է ՄԻԱՎ-ի, Հեպատիտների և սիֆիլիսի վերաբերյալ։

Տարվա ընթացքում իրականցվեց հանրային միջոցառումների շարք՝ քաղաք Երևանում և ՀՀ մարզերում, ինչպես նաև երկու ամիս շարունակ քաղաքացիները հնարավորություն ունեցան անցնելու ԱՐԱԳ և ԱՆՎՃԱՐ հետազոտություններ ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ, հետազոտվեց շուրջ 500 անձ, որին միացավ նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

ԻՀԱԿ-ի լաբորատորիան արժանացավ ՀՀ առողջապահության նախարարության լաբորատոր որակի կառավարման համակարգի համապատասխանության գնահատմանը, ինչը կարևոր գնահատական է լաբորատոր ծառայությունների բարձր չափանիշների և մասնագիտական աշխատանքի համար։

ՀՀ կառավարության որոշմամբ Թոքաբանության ազգային կենտրոնը վերակազմակերպման միջոցով միացավ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին։ Այս միավորումը հնարավորություն տվեց ստեղծել առավել համապարփակ և ինտեգրված ծառայությունների համակարգ՝ ուղղված տարաբնույթ ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտների արդյունավետ ախտորոշման և բուժման ապահովմանը։ Միավորման արդյունքում կենտրոնը կարողացավ համատեղել փորձը, մասնագիտական ներուժը և ենթակառուցվածքները՝ պացիենտներին առաջարկելով ավելի ամբողջական մոտեցում։