Սիրելի՛ գործընկերներ, բարեկամներ, ընկերներ,
Տարեվերջը միշտ լավ առիթ է կանգ առնելու, հետ նայելու ու մի փոքր խորհելու։ Նոր տարվա շեմին ուզում եմ հատկապես ընդգծել միջանձնային հարաբերությունների կարևորությունը, քանի որ ցանկացած հասարակություն, ցանկացած միջավայր սկսվում է հենց մեզանից՝ յուրաքանչյուրիցս։
Փոխադարձ հարգանքը, բարությունն ու ազնվությունը այն հիմքերն են, որոնց վրա կառուցվում է առողջ ու ուժեղ հասարակությունը։ Կարևոր է փորձել միմյանց մեջ տեսնել լավը, արժևորել դրականը, լինել ավելի հանդուրժող, ներողամիտ, համբերատար ու հարգալից մեր շրջապատի մարդկանց հանդեպ։
Մեր խոսքը, վերաբերմունքը և պահվածքը ամեն օր ազդեցություն են ունենում այլոց վրա՝ երբեմն շատ ավելի խորն ու երկարատև, քան ինքներս ենք պատկերացնում։
Յուրաքանչյուր բարի խոսք, յուրաքանչյուր անկեղծ ժպիտ փոքր, բայց կարևոր ներդրում է այն միջավայրի ձևավորման մեջ, որտեղ մենք ապրում, աշխատում ու ծառայում ենք մեկս մյուսին։
Եվ, ինչպես յուրաքանչյուր բուժաշխատողի համար ակնհայտ է անընդհատ կրթվելու, ինքնազարգանալու ու ինքնակատարելագործվելու անհրաժեշտությունը, նույն այդ մոտեցումը կարևոր է նաև մեր մարդկային որակների համար։ Մարդ լինելը ևս շարունակական ուսումնառություն է` սեփական մտածողությունն ու վարքագիծը մշտապես վերանայելու, կատարելագործելու գործընթաց։ Միայն այդ ճանապարհով կարող ենք դառնալ մեր «ես»-ի ավելի լավ տարբերակը՝ ավելի գիտակից, պատասխանատու և մարդասեր` այդ ճանապարհին հաճախ ներելով ինքներս մեզ և ազատվելով մեր իսկ կողմից դրված սահմանապակումներից և կարծրատիպերից։
Թող գալիք տարին մեզ բոլորիս բերի խաղաղություն, ջերմություն և, իհարկե, առողջություն:
Շնորհավոր Նոր տարի։
Արմեն Օհանյան
ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն