Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով։ Մաղթում եմ առողջ, ստեղծագործ և անվտանգ տարի, միաժամանակ հիշեցում՝ աշնանային սեզոնին և դպրոցների մեկնարկին ինֆեկցիաների կանխարգելումը կարևոր է բոլորիս համար։ Ահա կարճ ու գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն կանխարգելել վարակի տարածումը․
1) Ձեռքերի հիգիենա՝ ամենաարդյունավետ սովորությունը
- Լվացեք ձեռքերը օճառով ու ջրով առնվազն 20 վայրկյան՝ հատկապես դպրոց մտնելիս, դպրոցից դուրս գալիս, ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո, հազալուց, փռշտալուց կամ տրանսպորտից օգտվելուց հետո։
- Ջուր, օճառ չլինելու դեպքում օգտագործեք ալկոհոլային հիմքով ախտահանիչներ՝ ≥60% ալկոհոլով։ Միևնույն ժամանակ մի՛ չարաշահեք ախտահանիչները, որպեսզի չառաջանա մաշկի չորություն, երբ հնարավոր է, նախընտրեք ձեռքերի լվացում։
2) Մաքուր օդ փակ միջավայրերում
- Դասասենյակներում և գրասենյակներում ապահովեք օդափոխություն՝ բաց պատուհաններ, դռներ։
3) Հիվանդ լինելու, գանագտներ ունենալու, այդ թվում՝ մրսածության դեպքում
- մնացեք տանը, թույլ տվեք երեխային վերականգնվել և մի՛ տարեք դպրոց կիսահիվանդ վիճակում. սա պաշտպանում է մյուսներին և արագացնում է հիվանդի առողջացումը։
4) Սննդից թունավորումներից պաշտպանվելու արագ կանոններ (դրսում, դպրոցական ճաշարանում)
- Ընտրեք վստահելի վաճառողներ՝ տեսանելի մաքրությամբ, հոսող ջրով, սանիտարական պայմաններով։
- Նախընտրեք թարմ և լավ եփված տաք ուտեստներ, խուսափեք կիսախաշ/կիսահում սննդից։
- Սառը ու տաք սնունդը պահեք ճիշտ ջերմաստիճաններով և սնվելուց առաջ ձեռքերը լվացեք։
5) Պատվաստումները ևս կարևոր են
- Թարմացրեք սեզոնային և տարիքային պատվաստումները (օր.՝ գրիպի պատվաստում սեզոնին ընդառաջ, ազգային օրացույցով նախատեսված պատվաստումներ)՝ երեխաներին պաշտպանելու ծանր ընթացքից և բացակայություններից։ Խորհրդատվության համար դիմեք ձեր ընտանեկան բժշկին։
6) Դպրոցների համար կազմակերպչական պարզ քայլեր
- Հիգիենիկ ռեժիմներ՝ դասաժամերի միջև ձեռքերի լվացման «պատուհաններ», հազի, փռշտոցի էթիկետի հիշեցումներ, հաճախ շփվող մակերեսների մաքրում, փակ տարածքների օդափոխման գրաֆիկ։
- Մենք՝ ԻՀԱԿ-ում, ձեր կողքին ենք՝ խորհրդատվությամբ և աջակցությամբ։ Թող այս տարին լինի առողջ ու հաջողված բոլորիս համար։
Արմեն Օհանյան,
ԻՀԱԿ տնօրեն