ԻՀԱԿ-ում Արա Ասոյանի անունով լսարան է անվանակոչվել

ԻՀԱԿ-ում Արա Ասոյանի անունով լսարան է անվանակոչվել

Այսօր՝ հուլիսի 20-ին կլրանար ՀՀ վաստակավոր բժիշկ, Առողջապահության նախարարության նախկին գլխավոր ինֆեկցիոնիստ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի (ներկայումս՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն) նախկին տնօրեն Արա Ասոյանի 70-ամյակը։

Վաստակաշատ բժշկին մեր կենտրոնում հիշում են մեծ հարգանքով ու սիրով։ Արա Ասոյանն իր մասնագիտական գործունեության մեծ մասն անցկացրել է այս կառույցում՝ իր անփոխարինելի ներդրումն ունենալով թե՛ հիվանդանոցի, թե՛ ոլորտի զարգացման գործում։

Կարևորելով վաստակաշատ ինֆեկցիոնիստի դերն ու հետագիծը, կատարած մեծածավալ աշխատանքն ու կենտրոնին նվիրումը՝ այսօր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում կայացավ Արա Ասոյանին նվիրված գիտակրթական լսարանի հանդիսավոր բացումը, որին ներկա էին բժշկի նախկին գործընկերները, ուսանողները, ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, Ասոյանի ընտանիքի անդամներ։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը ողջունեց ներկաներին՝ նշանավորելով լսարանի անվանակոչումը։

«Արա Ասոյանի՝ առողջապահական ոլորտին ու մեր կենտրոնին ցուցաբերած անմնացորդ նվիրումն ու հոգածությունը դեռ երկար տարիներ տալու են իրենց պտուղները։ Այս փոքրիկ քայլերը հարգանքի տուրք են մեր ուսուցիչներին` շնորհակալություն ու գնահատանք հայտնելու նրանց երկարատև աշխատանքի և սերունդներին թողած մեծարժեք ժառանգության համար»,-ասաց Ստեփան Աթոյանը։

ԻՀԱԿ տնօրենը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի անունից Ասոյան ընտանիքին հանձնեց նախարարության պատվոգիրը, որը հետմահու շնորհվել է Արա Ասոյանին՝ ՀՀ առողջապահության համակարգում երկարատև, անբասիր աշխատանքի, ինֆեկցիոն հիվանդությունների ծառայության զարգացման գործում մեծ ներդրումների և ծննդյան 70-ամյակի առթիվ: