Վարչապետը Նորք Մարաշում հետևել է ԻՀԱԿ-ի վերակառուցման աշխատանքներին

Վարչապետը Նորք Մարաշում հետևել է ԻՀԱԿ-ի վերակառուցման աշխատանքներին

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետևել է Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին, որոնք մեկնարկել են անցյալ տարի:

230 մահճակալ հզորությամբ կենտրոնի շենքային պայմանները գտնվում էին ոչ բարվոք վիճակում, շինության ենթակառուցվածքները, ինչպես նաև սարքավորումներն արդիականացման կարիք ունեին։

Իրականացվում են ծառայության արդիականացման հետևյալ աշխատանքները՝ առկա 4 հարկանի B մասնաշենքի վերակառուցում՝ շուրջ 4835 քմ, եռահարկ կցակառույցի (շուրջ 800 քմ) և լաբորատոր երկհարկանի (շուրջ 700 քմ) նոր մասնաշենքերի կառուցում, ժամանակակից բժշկական սարքավորումների, կահույքի, պարագաների (ներառյալ լաբորատորիայի ու ինտենսիվ թերապիայի ծառայությունների համար նախատեսված) տրամադրում։

Ինֆեկցիոն կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 2,5 մլրդ դրամ։

Ներկայում ընթանում են մասնաշենքի վերակառուցման, կցակառույցի և լաբորատոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները։

2025 թ.-ին կիրականացվեն նորակառույց ինֆեկցիոն կենտրոնի բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով հագեցման աշխատանքները, ինչի համար կհատկացվի 450 մլն դրամ:

2025թ.-ի երրորդ եռամսյակում նախատեսվում է նորակառույց ինֆեկցիոն կենտրոնը հանձնել շահագործման։

Արդիականացված ինֆեկցիոն կենտրոնը կնպաստի ինֆեկցիոն ծառայությունների որակի, մատչելիության, առողջապահական ցուցանիշների, բուժառուի և բուժաշխատողի անվտանգության բարելավմանը: