ԻՀԱԿ բժիշկ-ինֆեկցիոնիստը ՌԴ-ում դասընթացի է մասնակցել

ԻՀԱԿ բժիշկ-ինֆեկցիոնիստը ՌԴ-ում դասընթացի է մասնակցել

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկները միշտ պատրաստ են նորը սովորելու ու իրենց հմտություններն ավելացնելու։ Մեր կենտրոնի համար կարևոր սկզբունք է պարբերաբար վերապատրաստումների մասնակցությունն ու փորձի փոխանակումը։

Սիրով տեղեկացնում ենք, որ, ի թիվս հայաստանյան այլ բուժհաստատությունների ներկայացուցիչների, մեր կենտրոնի Մանկական ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-ինֆեկցիոնիստ Գայանե Համբարձումյանը սեպտեմբերի 18-29-ը գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում։

Մեր մասնագետը մասնակցել է «Երեխաների մոտ սուր վիճակների բուժօգնությունը» թեմայով գիտագործնական-ուսուցողական դասընթացի, որը կազմակերպել էր ՌԴ ԱՆ երեխաների առողջության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնը։ Դասընթացին մասնակցել են նաև Ղազախստանի տասնյակ բուժաշխատողներ։

Ավելի քան տասնօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են երեխաների առողջությանն ու դրա պահպանմանը վերաբերող մի շարք կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝

• տենդն ու ծանր բակտերիալ վարակները,
• ջերմության կարգավորման առանձնահատկությունները,
• էկզանթեմաները ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ,
• սուր երիկամային ախտահարումները,
• սուր տոնզոլիտի բուժման առանձնահատկությունները,
• բրոնխթոքային հիվանդությունները,
• հոդացավերը մանկաբուժական պրակտիկայում,
• սնուցման խանգարումներն ու բուժման մեթոդները,
• անհետաձգելի բուժօգնության դեպքում թիմային աշխատանքի առանձնահատկությունները,
• թունավորման դեպքում առաջին բուժօգնության առանձնահատկությունները,
• կրծքավանդակի և վերջույթների վնասվածքները,
• սիրտ-թոքային ռեանիմացիայի ալգորիթմը և այլն։

Դասընթացն ուղեկցվել է գործնական վարժանքներով՝

• շնչական ուղիների անցանելիության ապահովում, թթվածնաբուժություն,
• շնչափողի ինտուբացիա,
• վերքի առաջնային վիրաբուժական մշակում,
• գոտկային (լյումբալ) պունկցիա,
• սրտի դեֆիբրիլացիա,
• կլինիկական խնդիրների վերլուծություն։

Մասնագետները նաև հետագա համագործակցությունների վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերել։