ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանի ամանորյա շնորհավորանքը

ԻՀԱԿ տնօրեն Ստեփան Աթոյանի ամանորյա շնորհավորանքը

Սիրելի՛ հայրենակիցներ, բուժաշխատողներ, բուժառուներ,

ամփոփում ենք բարդ մարտահրավերներով, ցավոք, նաև կորուստներով, բայցև նշանակալի ձեռքբերումներով հագեցած 2023-ը։

Տարվա ընթացքում մեր բուժանձնակազմի ներդրած ջանքերն ու աշխատասիրությունը հնարավորություն են տվել փրկելու բազմաթիվ կյանքեր, տեսնելու առողջացած բուժառուների շնորհակալ ժպիտներ, տրամադրելու ամեն օր ավելի արդյունավետ դարձող բուժսպասարկում։

2023-ին կենտրոնի կարևոր ձեռքբերումներից էին գործիքային ախտորոշման ծառայության նոր առաջարկները․ այս տարվանից մեր կենտրոնի թե՛ ստացիոնար, թե՛ ամբուլատոր բուժառուները ստանում են նաև համակարգչային շերտագրության և էնդոսկոպիկ ծառայություններ։ Նպատակ ունենք ավելացնելու մեր կենտրոնում տրամադրվող ծառայությունների մասշտաբները՝ ապահովելու համապարփակ և որակյալ բուժսպասարկում։

Մեր աշխատակիցների շարունակական կրթության և վերապատրաստման ապահովումը ԻՀԱԿ-ի առաջնային նպատակներից է, ինչի իրագործման միտումով էլ մեր բուժաշխատողները տարվա ընթացքում ակտիվ մասնակցություն են ունեցել տեղական ու միջազգային տարբեր գիտաժողովների՝ մեր կենտրոն բերելով ոլորտի լավագույն փորձն ու հմտությունները։

2023-ի ընթացքում մեր շարժական բուժախտորոշիչ կլինիկաները գտնվել են Հայաստանի բոլոր անկյուններում՝ տարբեր ծրագրերի շրջանակում ամբողջությամբ անվճար հետազոտություններ անցկացնելու և խորհրդատվություն տրամադրելու։ Գալիք տարում փորձելու ենք ավելացնել այցելությունների քանակը։

Այս շարքը երկար շարունակելի է, իսկ վերը նշվածները կենտրոնի աշխատանքների միայն փոքր՝ առավել տեսանելի մասն են, մինչդեռ «վարագույրների հետևում» մեր բուժական և ադմինիստրատիվ անձնակազմերի ամենօրյա անտրտունջ աշխատանքն է՝ նորանոր վերելքներ գրանցելու համար։

Սիրելի՛ աշխատակիցներ, ձեր գլխավորությամբ շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով երջանկություն, մասնագիտական նորանոր հաջողություններ և առողջություն։

Թող նոր տարին լինի խաղաղ և հաղթանակներով լի։

Ամրություն մեր սահմաններին, կամք՝ դրանք հսկող մեր զինծառայողներին․ թող վառ լինի մեր նահատակների հիշատակը։

Շնորհավորում եմ։

Ստեփան Աթոյան
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն