Զինծառայողները պետք է հիշեն, որ հիվանդանոցում էլ շարունակում են գտնվել զինվորական ծառայության մեջ․ Տիգրան Չլինգարյան

Զինծառայողները պետք է հիշեն, որ հիվանդանոցում էլ շարունակում են գտնվել զինվորական ծառայության մեջ․ Տիգրան Չլինգարյան

Զգոնություն և հոգատարություն․ այս երկու հատկանիշներն է առաջնային համարում ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի զինվորական բաժանմունքի վարիչ Տիգրան Չիլինգարյանը՝ անդրադառնալով զինծառայողների բուժմանը։
«Զինծառայողները քաղաքացիական բուժառուներից տարբերվում են իրենց պարտականություններով։ Իրենք միշտ պետք է հիշեն, որ, թեև ֆիզիկապես հիվանդանոցային պայմաններում են, բայց շարունակում են գտնվել զինվորական ծառայության մեջ»,-ասում է նա։
Հայաստանի քաղաքացիական հիվանդանոցներից միակ առանձնացված զինվորական բաժանմունքի ղեկավարը, որը, մինչ կենտրոնում աշխատանքի անցնելը, ծառայել է ՀՀ ԶՈւ-ում, սիրով է նորից հագել բժշկական խալաթը: Ասում է՝ սա իրեն ավելի հոգեհարազատ է։
Բաժանմունքում առաջնորդվում են թե՛ Առողջապահության նախարարության, թե՛ Պաշտպանության նախարարության կանոնակարգերով և հրամաններով, ինչն աշխատանքն էլ ավելի պատասխանատու է դարձնում։
Սակայն Տիգրան Չիլինգարյանն ընդգծում է ամենակարևոր նմանությունը Զինվորական և մյուս բաժանմունքների միջև՝ բուժառուին տրամադրել որակյալ սպասարկում՝ անկախ նրա կարգավիճակից։
Բաժանմունքի վարիչի առօրյայից անպակաս են այն դրվագները, երբ զինծառայողները կամ նրանց հարազատները տեսակցություններ են խնդրում։ Նրանց հետ բժշկի հաճախակի առանձնազրույցները, սակայն, արդյունավետ են անցնում։ Չիլինգարյանը հիշեցնում է՝ պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները՝ վարակը դրսից՝ ներս, և հակառակ ուղղությամբ չտարածելու համար՝ այդպիսով պաշտպանելով թե՛ արդեն բուժում ստացողներին, թե՛ նրանց հարազատներին։
ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի զինվորական բաժանմունքում սպասարկվում են ժամկետային զինծառայողներ, սպաներ, զինթոշակառուներ, այլ ուժային կառույցների ծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձինք (մարտական գործողությունների մասնակիցներ, ԵԿՄ անդամներ և այլն):