Ի՞նչ բարդություններ է առաջացնում հեպատիտ Ց-ն․ Լենա Նազարյան

Ի՞նչ բարդություններ է առաջացնում հեպատիտ Ց-ն․ Լենա Նազարյան

Շարունակելով վիրուսային #հեպատիտներ-ի մասին իրազեկման շարքը՝ այս անգամ կանդրադառնանք հեպատիտ Ց-ի ախտանշաններին։
Մինչ այդ՝ կարևոր հիշեցում՝ մարտի 1-ին մեր կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկան տեղակայված է լինելու Ազատության հրապարակում։ Կարող եք ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտվել նաև հեպատիտ Ց-ի և Բ-ի վերաբերյալ (մանրամասները՝ http://surl.li/rabwo ):
Իսկ հեպատիտ Ց-ի ախտանշանները կներկայացնի ԻՀԱԿ մեծահասակների ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Լենա Նազարյանը։
Հեպատիտ Ց-ի սուր ընթացքի դեպքում պացինետների մոտ կարող են դիտվել հիվանդության տիպիկ ախտանաշաններ՝
  • մաշկի դեղնություն,
  • ջերմության բարձրացում,
  • սրտխառնոց,
  • փսխում,
  • ախորժակի բացակայություն,
  • մեզի մգացում,
  • կղանքի գունազրկում:
Նշված գանգատների շնորհիվ այս փուլում հնարավոր է հիվանդությունը ժամանակին ախտորոշել և կանխարգելել բարդությունները։ ❗️Սուր վիրուսային հեպատիտի դեպքում որպես բարդություն կարող է զարգանալ սուր լյարդային անբավարարություն։
Քրոնիկական վիրուսային հեպատիտին բնորոշ են ինչպես անախտանիշ ընթացքը, այնպես էլ ամենաբազմազան լյարդային և արտալյարդային դրսևորումներ՝
  • թուլություն,
  • հոգնածություն,
  • մաշկի, նյարդային, սիրտանոթային համակարգերի ախտահարում։
Հեպատիտ Ց-ի անախտանիշ ընթացքի պատճառով հիվանդությունը հիմնականում ախտորոշվում է ուշ փուլերում, երբ արդեն առաջանում են լյարդի հյուսվածքի անդարձելի փոփոխություններ՝ լյարդի ցիռոզ, լյարդի առաջնային ուռուցք (hեպատոցելյուլյար կարցինոմա)։
Լյարդի ցիռոզին բնորոշ է՝
  • որովայնի չափերի մեծացում (ասցիտ),
  • տարբեր տեղակայման այտուցներ,
  • մաշկի դեղնություն,
  • արյունազեղումներ մաշկին,
  • մաշկի քոր,
  • մեզի մգացում,
  • անքնություն,
  • արյունահոսություն (քթից, լնդերից, հետանցքից, կերակրափողի լայնացած երակներից)։
Սքրինիգային հետազոտությունների շնորհիվ հիվանդության վաղ փուլերում հայտնաբերումը և լիարժեք բուժումը թույլ են տալիս խուսափել կյանքին վտանգ սպառնացող բարդությունների զարգացումից։