Հեպատիտ Բ-ի մասին կարևոր մանրամասները ներկայացրել է Վարսեն Ներսիսյանը

Հեպատիտ Բ-ի մասին կարևոր մանրամասները ներկայացրել է Վարսեն Ներսիսյանը

Շարունակելով վիրուսային #հեպատիտներ-ի մասին իրազեկման շարքը՝ այս անգամ կանդրադառնանք հեպատիտ Բ-ին։

Հիվանդության մասին կարևոր մանրամասները կհայտնի ԻՀԱԿ զինվորական բաժանմունքի բժիշկ-վարակաբան Վարսեն Ներսիսյանը։

Հեպատիտ Բ-ն լյարդի բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է հեպատիտ Բ վիրուսով։ Այն իր բարձր հիվանդացությամբ և մահացությամբ շարունակում է մնալ համաշխարհային առողջապահության կարևորագույն խնդիրը:

Հիվանդության ընթացքը կարող է լինել սուր և քրոնիկ:

Սուր հեպատիտ Բ-ն ընթանում է որպես իքնասահմանափակվող հիվանդություն և բնորոշվում է լյարդի բջիջների սուր բորբոքումով և նեկրոզով: Մահացությունը կազմում է 0,5-1%:

Սուր հեպատիտ Բ-ի կլինիկական նշանները գրեթե ընդհանուր են այլ հեպատիտների համար։ Այն կարող է հանգեցնել լյարդային անբավարարության, ինչն էլ մահվան պատճառ կհանդիսանա:

Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ն կարող է ընթանալ ինչպես լյարդային, այնպես էլ արտալյարդային դրսևորումներով (հիվանդների մոտ 20 %-ի մոտ).

դերմատիտ,
պոլիարտրիտ,
թոքերի հիվանդություն,
ապլաստիկ անեմիա,
գլումերուլոնեֆրիտ,
վասկուլիտ։

Ինչպես բազմիցս նշել ենք, հեպատիտի դեպքում սկզբնական փուլում հիվանդությունը ընթանում է անախտանիշ, ինչի հետևանքով հիվանդությունը հաճախ հայտնաբերվում է ուշ փուլերում, երբ արդեն զարգացել են բարդություններ՝ լյարդի ցիռոզ և հեպատոցելյուլար կարցինոմա:

Հենց այս հանգամանքը հաշվի առնելով անհրաժեշտ է ժամանակին հետազոտվել, իսկ լավագույն բուժումը կանխարգելումն է։