Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրը՝ ԻՀԱԿ-ում

Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրը՝ ԻՀԱԿ-ում

Մայիսի 5-ը ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրն է:
Օրվա ամենամյա անցկացման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ: 5.5. ամսաթիվը պատահական ընտրված չէ, այն խորհրդանշում է մարդու յուրաքանչյուր ձեռքի 5 մատները: Այս տարի ԱՀԿ-ի կարգախոսը հետևյալն է՝ «Մաքուր ձեռքերը կյանքեր են փրկում»:
Այս օրը ևս մեկ առիթ է՝ հիշեցնելու, որ առաջին հայացքից պարզ թվացող գործողությունը՝ ձեռքերի լվացումը, կարող է բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոցը լինել։
Օրվա առթիվ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում միջին բուժանձնակազմի համար թրեյնինգ է անցկացվել, որի ընթացքում կենտրոնի ներկայացուցիչներն անդրադարձել են ձեռքերի պարբերաբար և ճիշտ լվացման կարևորությանը։
Ձեռքերի` ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և պացիենտների անվտանգության գրավականն է՝ կանխարգելելու ներհիվանդանոցային վարակների տարածումն ու բռնկումների հավանականությունը։
ԻՀԱԿ-ը կարևորում է նմանատիպ միջոցառումների պարբերական անցկացումը՝ բուժանձնակազմի, ինչպես նաև հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելու կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես ոչ միայն շատ վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու, այլ նաև դրանց հարուցիչների աճը կասեցնելու միջոց։