Կամպիլոբակտեր. ինչպե՞ս է փոխանցվում հիվանդությունը և ինչպես խուսափել

Կամպիլոբակտերիոզը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է Campylobacter ցեղի բակտերիաներով։ Վարակի հիմնական աղբյուրը կենդանիներն են (թռչուններ, շներ, կատուներ, կովեր), որոնք կրում են հարուցիչները։
Մարդուն վարակը փոխանցվում է թերի ջերմային մշակման ենթարկված մսամթերքի (հատկապես թռչնամիս), չպաստերիզացված կաթնամթերքի, աղտոտված ջրի, կեղտոտ ձեռքերի և կենցաղային իրերի միջոցով։
Կամպիլոբակտերիոզը կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում, սակայն որոշ խմբեր առավել խոցելի են հիվանդության ծանր ընթացքի և բարդությունների զարգացման առումով.
•մինչև 5 տարեկան երեխաներ (ստամոքսի ցածր թթվայնության և իմունային համակարգի անբավարար հասունացման պատճառով),
•տարեցներ (≥65 տարեկան),
•իմունային անբավարարություն, քրոնիկ հիվանդություններ և իմունոսուպրեսիա առաջացնող դեղորայք ստացողներ։
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար 1-7 օր է և կարող է տևել 5-10 օր։
Վարակի հիմնական ախտանշաններն են․
•փորլուծություն (հաճախ՝ արյունային կամ լորձային),
•որովայնացավեր և կծկանքներ,
•ջերմության բարձրացում,
•սրտխառնոց, փսխումներ,
•ընդհանուր թուլություն, ախորժակի կորուստ։
Հիվանդության ծանր ընթացքի դեպքում հնարավոր է ջրազրկում, հազվադեպ նաև սեպսիսի առաջացում։ Որոշ դեպքերում վարակից հետո կարող են զարգանալ հետվարակային բարդություններ՝ արթրիտ, նյարդաբանական խանգարումներ (օր.՝ Guillain-Barré համախտանիշ)։
Ախտորոշման մեթոդներն են կղանքի բակտերիաբանական քննությունը, ՊՇՌ և ELISA մեթոդները։
Բուժման հիմքում ընկած է հակաբակտերիալ թերապիան, հատկապես հիվանդության ծանր ընթացքի և ռիսկի խմբի պացիենտների շրջանում։
Հիվանդության սպեցիֆիկ կանխարգելում առկա չէ, անհրաժեշտ է խուսափել չպաստերիզացված կաթնամթերքից և ջերմային մշակման չենթարկված մսամթերքից, օգտագործել միայն մաքուր ջուր, խստորեն հետևել անձնական հիգիենային (ձեռքերը լվանալ մթերքի պատրաստումից և կենդանիների հետ շփումից հետո) և խուսափել խաչաձև վարակումից խոհանոցում (հում միսը չպետք է դիպչի պատրաստի սննդին)։