Դիմել մեզ

Candidozyma auris-ը՝ որպես ժամանակակից լուրջ մարտահրավեր

Candidozyma auris-ը՝ որպես ժամանակակից լուրջ մարտահրավեր

17.09.2025
Candidozyma auris-ը՝ որպես ժամանակակից լուրջ մարտահրավեր

Candidozyma auris-ը սնկերի տեսակ է, որը վերջին տարիներին մեծ ուշադրության է արժանացել ծանր վարակներ առաջացնելու իր ունակության պատճառով:

Սնկի այս տեսակը առաջին անգամ հայտնաբերվել է 2009 թվականին Ճապոնիայում և արագ տարածվել է բոլոր մայրցամաքներում։

Այն դարձել է համաշխարհային առողջապահական սպառնալիք՝ հիմնականում ազդելով թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա:

Candidozyma auris-ը առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում ոչ միայն մի շարք հակասնկային դեղամիջոցների նկատմամբ բարձր կայունության, այլև բժշկական հաստատություններում արագ տարածվելու ունակության շնորհիվ, ինչը կարող է հանգեցնել բռնկումների, որոնք շատ դժվար վերահսկելի են:

 

Candidozyma auris-ը վարակի դրսևորումները

Candidozyma auris-ը կարող է առաջացնել ո՛չ միայն մաշկային գաղութացումներ՝ առանց ախտանշանների, այլ նաև ինվազիվ վարակներ՝ արյան շրջանառության (candidemia), ներքին օրգանների, շնչուղիների և միզասեռական համակարգի ախտահարումներով:

Candidozyma auris վարակի ախտանշանները կախված են վարակի տեղակայումից և ծանրությունից:

Candidozyma auris-ի տարածված ախտանշաններն են.

  • ջերմություն և դող (հաճախ արյան վարակի առաջին նշաններն են),
  • վերքային մակերեսների վարակներ` կարմրություն, այտուցվածություն և արտադրություն վարակված հատվածից,
  • ականջի վարակներ` ցավ, քոր և արտադրություն ականջից,
  • շնչառական ախտանշաններ` հազ, շնչառության դժվարություն և կրծքավանդակի ցավ:

 

Համաշխարհային վիճակագրություն

  • Ավելի քան 60 երկրում գրանցվել են Candidozyma auri-ի դեպքեր։
  • Եվրամիության երկրներում 2013–2023թթ. ընթացքում գրանցվել է 4012 դեպք: 2020 թվականից ի վեր դեպքերի թիվը արագորեն աճել է, և միայն 2023 թվականին ԵՄ 18 երկրում գրանցվել է 1346 դեպք։
  • Միացյալ Նահանգներում միայն 2023 թվականին գրանցվել է 4514 կլինիկական դեպք:
  • Աֆրիկայի 6 երկրում 2009-2023թթ. ընթացքում գրանցվել է 2529 դեպք։

Ինչու է Candidozyma auris-ը լուրջ մարտահրավեր

  • Արագ տարածվում է բուժհաստատություններում։
  • Դժվար է բուժել՝ հակասնկային դեղամիջոցների նկատմամբ բարձր կայունության պատճառով։
  • Ախտորոշումը հաճախ ուշանում է, և բռնկումները դժվար է վերահսկել։

Մահացությունը մնում է բարձր, հատկապես ռիսկի գործոններ ունեցող հիվանդների մոտ: