Ցիտոմեգալովիրուս(CMV) և հղիություն

Ի՞նչ է ցիտոմեգալովիրուսը։
Ցիտոմեգալովիրուսը լայն տարածված վիրուս է, մինչև 5 տարեկան երեխաներից յուրաքանչյուր երրորդը վարակված է ցիտոմեգալովիրուսով, իսկ 40 տարեկանում՝ յուրաքանչյուր երկրորդը։ Ցիտոմեգալովիրուսը, մտնելով օրգանիզմ, այլևս դուրս չի գալիս։Իմուն համակարգի խանգարում (ՄԻԱՎ, ուռուցքային հիվանդություններ, ստերոիդային հորմոններ ստացող անձինք) չունեցող անձինք ինքնուրույն հաղթահարում են վիրուսը։ Կյանքի ընթացքում հնարավոր է կրկնակի վարակ վիրուսի մեկ այլ ենթատեսակով։
Ինչպե՞ս է այն արտահայտվում։
Սուր վարակը (երբ առաջին անգամ օրգանիզմը հանդիպում է վիրուսին) հիմնականում արտահայտվում է ջերմության բարձրացմամբ, ըմպանի ցավով, այտուցված նշիկներով, մեծացած ցավոտ ավշահանգույցներով։ Կարող է դրսևորվել որպես մոնոնուկլեոզ (ժող․ մոնոնուկլեար անգինա) կամ հեպատիտ (լյարդի բորբոքում)։
Ինչպե՞ս է այն փոխանցվում։
Փոխանցվում է կենսաբանական հեղուկների միջոցով՝ թուք, մեզ, արցունք, արյուն, սերմնահեղուկ և կաթ։ Այսինքն՝ կարող է փոխանցվել անմիջական կոնտակտի միջոցով (սովորաբար երեխաների դեպքում), սեռական ճանապարհով, կրծքով կերակրման և արյան փոխներարկումների ժամանակ։
Որքա՞ն է պտղին փոխանցման հավանականությունը։
Հղիության ընթացքում առաջին անգամ, նոր վարակի դեպքում (նախկինում չվարակված հղիների մոտ 1-4%-ը հղիության ընթացքում վարակվում է ցիտոմեգալովիրուսով) պտղին վարակելու հավանականությունը մոտ 40% է, սակայն այս 40%-ից միայն 10-15%-ի մոտ է հիվանդությունը դրսևորվում։ Իսկ նախկինում կրած ցիտոմեգալովիրուսի վերաակտիվացման կամ մեկ այլ ենթատեսակով վարակվելու դեպքում պտղին վարակի փոխանցման ռիսկը 1%-ից ցածր է։
Եթե այնուամենայնիվ հղիության ժամանակ վարակվել եք ցիտոմեգալովիրուսով, ի՞նչ անել և ի՞նչ սպասել։
Այժմ ավարտվել են որոշ կլինիկական հետազոտություններ, որոնցից 2-ը ցույց են տվել, որ իմունոգլոբուլինի միջոցով (Hyperimmune Globulin) պտղին փոխանցման ռիսկերի նվազեցումն արդյունավետ ՉԷ։ (//www.nejm.org/doi/10.1056/NEJMoa1913569), սակայն վալացիկլովիրով դեղորայքային կանխարգելումը եղել է ավելի արդյունավետ և խոստումնալից, վաղ ժամկետների և վաղ սկսած բուժման դեպքում (//www.thelancet.com/.../PIIS0140-6736.../fulltext...): Այս տարբերակն արդեն իսկ ներառված է բազմաթիվ ուղեցույցերում, սակայն այն պետք է քննարկել վարող մանկաբարձի հետ, ըստ անհրաժեշտության՝ նաև վարակաբանի հետ։ Անհրաժեշտ է նաև լինել վարող բժշկի հստակ հսկողության տակ և հետևել բոլոր խորհուրդներին։
Ի՞նչ սպասել (բնածին ցիտոմեգալովիրուս)
ԱՄՆ-ում տարեկան մոտ 40․000 նորածին է ախտահարվում բնածին ցիտոմեգալովիրուսով։ Ծնվելիս հիմնականում դրսևորվում է հետևյալ ախտանշաններով՝ դեղնություն, ցածր քաշ, գլխի փոքր չափեր, տեսողության վնասում (ռետինիտ), ցան, ցնցումներ, լյարդի և փայծաղի մեծ չափեր, ինչպես նաև կարող է ավելի ծանր դեպքերում պտղի ներարգանդային մահվան պատճառ դառնալ։ Համարվում է բնածին նեյրոսենսոր խլության ամենահաճախ պատճառը՝ ընդհանուր դեպքերի մինչև 25%-ը, կարող է նաև չդրսևորվել ծնվելիս և ավելի մեծ տարիքում դառնալ խլության պատճառ։
Եթե անգամ հղիության ընդհատում է եղել, կամ բնածին ցիտոմեգալովիրուսով երեխա է ծնվել, չի նշանակում, որ ցիտոմեգալովիրուսը պետք է բուժել հաջորդ հղիությունից առաջ, ինչպես նշել են՝ այն, մտնելով օրգանիզմ, այլևս դուրս չի գալիս։
Ինչպես նաև չպետք է բուժել հղիությունից առաջ հայտնաբերած ցիտոմեգալովիրուսը, եթե այն սուր է, ապա պետք է ուղղակի հետաձգել հղիությունը, իսկ եթե արդեն կրած վարակ է (օր․՝ IgG դրական է), ապա ընդհանրապես ոչինչ պետք չէ անել։
Հղիությունից առաջ հետազոտվելը կարևոր է կնոջ կարգավիճակը ճշտելու համար միայն և հետագայում կօգնի ճիշտ գնահատել՝ հղիության ընթացում սուր վարակ տարե՞լ է, թե՞ ոչ, քանի որ այն կարող է ընթանալ շատ թեթև։
Հղիության ընթացքում ո՞ր դեպքում կասկածել և հետազոտվել։
Ջերմություն, կոկորդում ցավ,լիմֆատիկ հանգույցների մեծացում, ինչպես նաև առավել ևս հետազոտվել, եթե հղիությունից առաջ կինը հետազոտվել է և գիտի, որ չունի ցիտոմեգալովիրուս։
Ամենահաճախ հանդիպող սխալը։
Հղիների մինչև 30%-ն արդեն շփվել է վարակի հետ և ստուգեուց լինելու է դրական արդյունք (հիմնականում IgG), որը շատերը դարձնում են չհղիանալու կամ չզարգացող հղիության, արատների պատճառ և տևական ժամանակ բուժում են, այնինչ սա ոչ մի կապ չունի խնդրի հետ և, ամենավատը, դադարում են այլ պատճառներ փնտրել։