Ինչպե՞ս է կատարվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունների տարբեր մեթոդների կիրառումը կախված է լաբորատորիաների հագեցվածությունից, աշխատանքային պայմաններից և անձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակից։ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններն իրականացվում են օգտագործվող թեստերի հրահանգների և գործողությունների ստանդարտ ընթացակարգերի համաձայն:
18 ամսականից մեծ երեխաների և մեծահասակների շրջանում ՄԻԱՎ վարակի ախտորոշումը կատարվում է շճաբանական մեթոդներով ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինների և/կամ ՄԻԱՎ-ի սպեցիֆիկ հակածնի հայտնաբերման միջոցով:
ՄԻԱՎ-ով վարակվելուց հետո առաջին 10 օրը (էկլիպս շրջան) շճաբանական կամ վիրուսաբանական ոչ մի թեստով հնարավոր չէ հայտնաբերել ՄԻԱՎ վարակը: Էկլիպս շրջանի ավարտին արյան մեջ ի հայտ են գալիս ՄԻԱՎ-ի ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն, որոնք հայտնաբերվում են ՊՇՌ մեթոդով: Հետագայում արդեն շճաբանական թեստերով հնարավոր է հայտնաբերել ՄԻԱՎ-ի հակածինը:
Մինչև ՄԻԱՎ1-ի և ՄԻԱՎ2-ի նկատմամբ առաջացած հակամարմինների հայտնաբերումը ընկած ժամանակահատվածը հաճախ կոչվում է «սուր ՄԻԱՎ վարակի շրջան»:
Այս փուլում վիրուսային մասնիկների քանակը շեշտակի ավելանում է, ինչի հետևանքով բարձրանում է վարակի փոխանցման վտանգը: ՄԻԱՎ1/2-ի նկատմամբ առաջացող հակամարմինները իմունային կոմպլեքսներ են կազմում արյան մեջ շրջանառվող ՄԻԱՎ-ի ազատ հակածինների հետ, ինչի հետևանքով ՄԻԱՎ-ի հակածնի հայտնաբերումը նվազում է: Շճաբանական թեստերով ՄԻԱՎ1/2-ի նկատմամբ առաջացած հակամարմինների հայտնաբերումը վկայում է սերոկոնվերսիայի, հետևաբար՝ «պատուհանի շրջանի» ավարտի մասին:
«Պատուհանի շրջանի» տևողությունը կախված է 3 հիմնական գործոնից՝
1) վիրուսի գենետիկական առանձնահատկություններից,
2) վարակված մարդու գենետիկական առանձնահատկություններից և իմունային կարգավիճակից,
3) թեստի տեսակից (ինչ է հայտնաբերում` հակածին, հակամարմին):
Արագ թեստերի կիրառման դեպքում առավել երկար «պատուհանի շրջանը» բնորոշ է լնդային տրանսուդատի հետազոտության (ինքնաթեստավորում) համար նախատեսված թեստերին՝ անկախ թեստի սերնդից, քանի որ հակամարմինների խտությունը լնդային տրանսուդատում ցածր է այլ նմուշների համեմատ:
ՄԻԱՎ վարակի ախտորոշման համար առավել հաճախ կիրառվում են շճաբանական թեստեր: Դրանց ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով բժշկական կազմակերպությունների լաբորատոր ենթակառուցվածքների աշխատանքային պայմանները, հագեցվածությունը, անձնակազմի որակավորումը, թեստերի բնութագրիչները, հետազոտվող բնակչության խմբերը:
Տեսողաբար վերծանվող հետազոտությունների արդյունքները պետք է ենթարկվեն կրկնակի վերծանման երկրորդ աշխատակցի կողմից թեստի հրահանգով պահանջվող ժամանակահատվածում: