Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ. փոխանցման ուղիներ և ախտանշաններ

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը (ԻՄ) վարակիչ հիվանդություն է, որի հիմնական հարուցիչը Էպշտեյն Բարր վիրուսն է (այլ ախտածիններ ևս կարող են լինել ԻՄ պատճառ՝ ցիտոմեգալովիրուս, ադենովիրուս, ՄԻԱՎ և այլն)։
Հիմնականում հիվանդանում են երեխաները և երիտասարդները: Գաղտնի շրջանը 4-6 շաբաթ է, հնարավոր է նաև ավելի կարճ ընթացք՝ 7-10 օր: Վարակի աղբյուրը հանդիսանում է ԻՄ հիվանդը, ինչպես նաև վիրուսը կրողը: Վարակը փոխանցվում է օդակաթիլային (թքի, համբույրի միջոցով, այդ պատճառով կոչվում է «համբույրի հիվանդություն»), կոնտակտային ճանապարհով (ձեռքերի, խաղալիքների), հնարավոր է նաև արյան փոխներարկման միջոցով։
ԻՄ կարող է ունենալ շատ տարբեր ախտանշաններ, որոնցից առավել հաճախ հանդիպում են՝ ջերմության բարձրացում, բկանցքի ցավ (տոնզիլիտ, ֆարինգիտ), լիմֆադենոպատիա (հիմնականում հետին պարանոցային ավշահանգույցների մեծացում), սպլենոմեգալիա և/կամ հեպատոմեգալիա, նաև թուլություն, երկարատև հոգնածության զգացում, քթի փակվածություն, մկանացավեր, որովայնի ցավ, ցան, դեղնուկ և այլն։ Հիվանդությունը հիմնականում տևում է 2-3 շաբաթ, բարդացած ընթացքի դեպքում՝ ավելի երկար:
Հիվանդության բարդություններից են՝
Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ախտորոշումը կատարվում է՝ հիմնվելով գանգատների, հիվանդության ընթացքի յուրահատկությունների, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքներում առկա բնորոշ շեղումների (արյան ընդհանուր հետազոտությամբ լիմֆոցիտների 50%-ից ավելի թիվը, դրանց մեջ 10%ը գերազանցող ատիպիկ մոնոնուկլեարերի պարունակությունը, ամինոտրանսֆերազների մակարդակի բարձրացումը, լյարդի և/կամ փայծաղի մեծացումը) և պատճառային գործոնի հայտնաբերման վրա (ԷԲՎ-ի կապսիդային անտիգենի նկատմամբ հակամարմիններ հայտնաբերում)։ Այլ հիվանդությունների հետ տարբերակիչ ախտորոշում իրականացնելու համար կարող են կատարվել նաև լրացուցիչ հետազոտություններ։
Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի բուժումը
Ինֆեկցիոն մոնոնուկլեոզն ինքնալավացող հիվանդություն է։ Այն ունի երկարատև ընթացք և սովորաբար մարում է 2-4 շաբաթ անց։ Բուժումը հիմնականում աջակցող է, ներառում է՝ առօրյա հանգիստ, ցավազրկողներ և ջերմիջեցնողներ։ Չկա արդյունավետ հակավիրուսային դեղորայք, որ կիրառվում է ԻՄ բուժման համար։ Հակաբիոտիկները ևս չեն կիրառվում ԻՄ բուժելու համար։ Քանի որ հիվանդության ամենաակնառու նշանը ֆարինգիտի/տոնզիլիտի առաջացումն է, շատ հաճախ է հիվանդությունը շփոթում են բակտերիալ ծագման տոնզիլիտների հետ, և կատարվում է անհարկի հակաբակտերիալ բուժում։ ԻՄ ժամանակ հակաբիոտիկների (ամինոպինիցիլինների) կիրառման դեպքում կարող է առաջանալ մարմնի ցանավորում, ինչը կարևոր է տարբերակել պենիցիլինային ալերգիայից։
Կորտիկոստերոիդները չբարդացած ընթացքի ժամանակ ցուցված չեն։ Դրանք կիրառվում են միայն հստակ ցուցումների դեպքում։
Բարդություններից և ոչ ցանկալի երևույթներից խուսափելու համար մի՛ զբաղվեք ինքաբուժմամբ: Դիմե՛ք մասնագետի: