Կարմիր քամի. որոնք են ախտանշանները, ովքեր են ռիսկի խմբում

Կարմիր քամին (Erysipelas) մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի վարակային ծագման սուր հիվանդություն է։ Այն առաջանում է, երբ ախտածին ստրեպտոկոկերը մաշկի ամբողջականության խախտման արդյունքում թափանցում են մաշկային ծածկույթներ: Կարմիր քամի կարող է զարգանալ նաև օրգանիզմի որևէ բորբոքային օջախից արյունային ճանապարհով ախտածին ստրեպտոկոկերի մաշկ թափանցելու արդյունքում:
Հիվանդության առաջին նշանները սկսվում են սուր՝ դողով, սարսուռով, ջերմության բարձրացումով, գլխացավով, մկանացավերով: 12-24 ժամ անց հարուցչի թափանցման տեղում առաջանում են ցավ, կարմրություն և այտուց: Հիմնականում ախտահարվում են ստորին վերջույթները, երբեմն կարող է դիտվել նաև վերին վերջույթների, դեմքի, իրանի կարմիր քամի: 1-3 օր անց կարմրած մաշկին կարող են առաջանալ թափանցիկ հեղուկով կամ հազվադեպ արյունային պարունակությամբ բշտեր, որոնք ծանրացնում են հիվանդության ընթացքը:
Հիվանդության հիմնական նախատրամադրող գործոններ են՝
-ճարպակալումը,
-հղիությունը,
-վարիկոզ հիվանդությունը,
-շաքարային դիաբետը,
-ալկոհոլի չարաշահումը,
-լիմֆոստազը,
-ձեռնոցների և հագուստի կրումը։
Կարմիր քամին ախտորոշվում է կլինիկական նշաններից և հիվանդության անամնեզից ելնելով։
Ի՞նչպես տարբերել կարմիր քամին այլ հիվանդություններից՝
- կարմրությունը (էրիթեման) շրջակա մաշկից մի փոքր բարձր է և փայլող,
- ախտահարված մակերեսը հստակ սահմանազատված է առողջ մաշկից:
Ի՞նչ անել հիվանդության դեպքում՝
- խուսափել տեղային քսուկների կամ լուծույթների կիրառումից,
- խուսափել վիրակապերի օգտագործումից,
- այտուցը կանխելու նպատակով ապահովել վերջույթի բարձր դիրք,
-դիմել վարակաբանի խորհրդատվության՝ համապատասխան պատճառագիտական բուժում ստանալու համար: