Դիմել մեզ

Շնչական անբավարարությունը երեխաների շրջանում

Շնչական անբավարարությունը երեխաների շրջանում

14.03.2025
Շնչական անբավարարությունը երեխաների շրջանում

Շնչական անբավարարությունը երեխաների շրջանում

Ի՞նչ է շնչական անբավարարությունը

Իրավիճակը, որի դեպքում երեխան ստանում է օրգանիզմի պահանջներին անբավարար թթվածին, կոչվում է շնչական անբավարարություն։ Այն կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ է, որի դեպքում անհրաժեշտ է անհետաձգելի բուժօգնություն։

 

Ի՞նչպես ճանաչել շնչական անբավարարության նշանները

  • Հաճախաշնչություն- մեկ րոպեում կատարված շնչական շարժումների հաճախացումը կարող է խոսել այն մասին, որ երեխան ունի դժվարաշնչություն։
  • Հաճախասրտություն- Թթվածնի ցածր մակարդակը կարող է առաջացնել անոթազարկի հաճախացում։ 
  • Մաշկի և լորձաթաղանթների գույնի փոփոխություն- բերանի շուրջ, շրթունքների ներքին մակերեսի և եղունգների կապտավուն գունավորումը, կարող է խոսել թթվածնի ցածր մակարդակի մասին։ Արտահայտված թթվածնաքաղցի դեպքում մաշկը կարող է լինել գունատ կամ ստանալ մոխրագույն երանգավորում։
  • Աղմկոտ շնչառություն- առավել արտահայտվում է արտաշնչման ժամանակ, հարմարողական մեխանիզմ է, որը նպաստում է օդի պահմանը թոքերում։
  • Ռնգախաղ- Քթի թևերի մասնակցությունը շնչառությանը խոսում է դժվարաշնչության և հավելյալ ջանքերով շնչառության մասին։
  • Ներքաշումներ- շնչառական շարժումների ժամանակ՝ ներշնչման փուլում,  փոսությունների ի հայտ գալը անմիջապես պարանոցի, կրծոսկրի, կողոսկերի տակ և միջև։ Սա մեխանիզմ է, երբ շնչառությանը մասնակցում են օժանդակ շնչական մկանները, որով ներշնչման ժամանակ ավելի մեծ քանակի օդ է մտնում թոքեր։
  • Ուժեղացած քրտնարտադրություն- Ճակատին քրտինքի առկայություն, որը չի ուղեկցվում շոշափելիս մաշկի տաքությամբ։ Խոսում է հավելյալ ջանքերով շնչառության մասին։
  • Սուլող խզզոցներ-շնչական շարժումների ժամանակ հեռվից լսելի սուլոցի առկայությունը, խոսում է դժվարացած արտաշնչման մասին։
  • Ստրիդոր-կոպիտ շնչական աղմուկ ներշնչման ժամանակ, որը խոսում է վերին շնչուղիների նեղացման/այտուցի մասին։  
  • Ակտիվության և զգոնության նվազում- թթվածնի ցածր մակարդակի դեպքում կարող է դիտվել քնկոտություն և թուլություն, ինչը խոսում է շնչական մկանների հոգնածության մասին։

Շնչական անբավարարության նշանները կարող են դիտվել նաև այլ վիճակների դեպքում։ Թվարկված նշանների առկայության դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել հիվանդանոց։  

Մի շարք հիվանդություններ, որոնք առաջացնում են շնչական անբավարարություն, կանխարգելի են։ Խորհրդակցե՛ք Ձեր մանկաբույժի հետ, վստահ լինելու համար, որ երեխան ժամանակին ստացել է համապատասխան վարակների դեմ պատվաստումները։ Դրանց թվին են դասվում գրիպի, կապույտ հազի, պնևմոկոկի, կորոնավիրուսի և կարմրուկի դեմ պատվաստումները։

Խուսափե՛ք հատկապես նորածին և մինչև 1 տարեկան երեխաներին մարդաշատ վայրեր տանելուց, քանի որ հաճախ այս տարիքային շրջանում շնչական վարակներն առավել հաճախ են առաջացնում շնչական անբավարարություն։

Հեղինակ՝  Ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկ-ռեանիմատոլոգ  Արևիկ Չալյան