Դիմել մեզ

Կարմրախտ. ինչպես է փոխանցվում հիվանդությունը, որոնք են ախտանշանները

Կարմրախտ. ինչպես է փոխանցվում հիվանդությունը, որոնք են ախտանշանները

12.09.2025
Կարմրախտ. ինչպես է փոխանցվում հիվանդությունը, որոնք են ախտանշանները

Կարմրախտը սուր վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը  պատկանում է Togaviridae ընտանիքի, Rubivirus ցեղին։ Այն միայն մարդուն բնորոշ (անթրոպոնոզ) հիվանդություն է։

Կարմրախտը կարող է լինել ձեռբերովի՝ փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և  բնածին՝ փոխանցվում է տրանսպլացենտար ճանապարհով, երբ վարակը փոխանցվում է մորից պտղին։ Հիվանդությանը բնորոշ է ցանային համախտանիշը և հետին պարանոցային ու ծոծրակային ավշահանգույցների մեծացումը։

Տարբերում են հիվանդության հետևյալ շրջանները`

  • Գաղտնի շրջան՝ 11–21 օր
  • Պրոդրոմալ շրջան՝ մի քանի ժամից մինչև 2 օր
  • Ցանավորման շրջան՝ 2–4 օր
  • Ռեկոնվալեսցենցիայի շրջան

Ցանավորման շրջանի առանձնահատկությունները

  • Ցանի տարրերը՝ բաց վարդագույն, մանր բծավոր կամ բծահանգուցավոր էլեմենտներ են, չեն միաձուլվում, առաջանում են հանկարծակի և անհետանում նույնքան արագ, ցանից հետո պիգմենտացիա կամ թեփոտում չի առաջանում
  • Առավել առատ է մարմնի տարածիչ մակերեսներին և մեջքի շրջանում
  • Տևողությունը 2–4 օր է
  • Նկատվում է հետին պարանոցային և ծոծրակային ավշահանգույցների մեծացում

Կարմրախտ և  հղիություն

Հղիության ընթացքում կարմրախտով վարակված կինը կարող է փոխանցել վիրուսը պտղին, ինչը կարող է հանգեցնել հետևյալ խնդիրներին:

Առաջին եռամսյակ (0–12 շաբաթ)

  • Վարակի փոխանցման ռիսկը  90% է:
  • Բարձր է ռիսկը հղիության վաղաժամ ընդհատման, ներարգանդային մահվան կամ բնածին արատների (CRS) առաջացման:

Երկրորդ եռամսյակ (13–28 շաբաթ)

  • Վարակի փոխանցման ռիսկը շուրջ 20–30% է:
  • Պտղի մոտ կարող են զարգանալ լսողության, տեսողության խանգարումներ, սրտի արատներ:

Երրորդ եռամսյակ (29 շաբաթից հետո)

  • Վարակի փոխանցման ռիսկը շուրջ 60–70% է:
  • Ավելի հաճախ առաջանում են զարգացման ոչ ծանր խանգարումներ կամ հետծննդյան վարակ:

Բնածին կարմրախտի ամենահաճախ հանդիպող ախտանշանները հայտնի են որպես Գրեգի տրիադա

  • կատառակտա,
  • սրտի արատներ,
  • խլություն։

Ընդլայնված կարմրախտային համախտանիշ

Բացի դասական տրիադայից, հնարավոր են նաև․

  • քաշի դեֆիցիտ,
  • միկրոցեֆալիա կամ հիդրոցեֆալիա,
  • թրոմբոցիտոպենիա և արյունազեղումներ,
  • լյարդի և փայծաղի մեծացում, հեպատիտ,
  • ոսկրային արատներ,
  • այլ օրգան-համակարգերի զարգացման խանգարումներ։

Կանխարգելում

Հղիության ընթացքում կարմրախտի դեմ պատվաստումը հակացուցված է: Կանանց խորհուրդ է տրվում պատվաստվել նախքան հղիանալը: Եթե կինը պատվաստվել է, խորհուրդ է տրվում խուսափել հղիանալուց առնվազն 1 ամիս:

Եթե պատվաստումը կատարվել է հղիության ընթացքում կամ հենց հղիանալուց անմիջապես առաջ, մինչև հիմա չկա ապացույց, որ դա վնասել է պտղին։

Աշխարհում շատ դեպքեր են գրանցվել, երբ կանայք, չիմանալով հղիության մասին,   ստացել են կարմրախտի պատվաստանյութ․ ոչ մի կոնգենիտալ կարմրախտի համախտանիշ չի արձանագրվել։

 

WHO-ն և CDC-ն հստակ նշում են, որ նման իրավիճակում հղիությունը ընդհատելու ցուցում չկա։ Պարզապես բժշկին պետք է տեղեկացնել և հետևել հղիությանը՝ ըստ ստանդարտների։

Հղիության ընթացքում կարմրախտով հիվանդի հետ շփման դեպքում ցուցված է խիստ  բժշկական հսկողություն: Կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը ԿԿԽ պատվաստանյութն է,  որը ներառված է պատվաստումների ազգային օրացույցում և իրականացվում է 1  և 4-6 տարեկան երեխաների շրջանում։ Երկու լիարժեք դեղաչափը պաշտպանում է կարմրուկից, պարօտիտից և կարմրախտից։

Ախտորոշման համար կարևոր է`

  • Մոր` հղիության ընթացքում կարմրախտի վարակման փաստը,
  • Նորածնի մոտ բնորոշ կլինիկական նշանների առկայությունը,
  • Լաբորատոր հետազոտությունների արդյունքները,
  • Սպեցիֆիկ  IgM հակամարմինները,
  • վիրուսի հայտնաբերումը (RT-PCR, վիրուսաբանական մեթոդներ)։

Բուժում

Կարմրախտի ժամանակ կիրառվում է միայն սիմպտոմատիկ թերապիա, սպեցիֆիկ բուժում առկա չէ։

 

Հեղինակ՝ Մարիամ Արմենի Հակոբյան