Բրուցելոզի ազդեցությունը միզասեռական համակարգի վրա․ ախտանշաններ, բարդություններ և կանխարգելում

Ի լրումն բրուցելոզի վերաբերյալ տեղեկատվության
Բրուցելոզով հիվանդացության կապը հիվանդ կենդանիների և անասնաբուծական մթերքի հետ պայմանավորում է այս վարակի պրոֆեսիոնալ բնույթը։ Հիվանդների մի ստվար զանգված են կազմում անասնաբուծարաններում և կենդանական հումք մշակող ձեռնարկություններում աշխատողները։ Հիվանդացածների 90%-ը երիտասարդ և միջին տարիքի անձինք են, որոնք առավել հաճախ են շփվում վարակի աղբյուրի հետ։
Օրգանիզմում ընթացող ախտաբանական փոփոխությունները բազմազան են։ Փոփոխությունները հիմնականում հայտնաբերվում են տարբեր օրգանների շարակցական հյուսվածքում, որոնց բնույթը և արտահայտման աստիճանը պայմանավորված է ախտաբանական գործընթացի զարգացման փուլով։
Ենթասուր և քրոնիկական փուլում հիվանդությունն առաջացնում է համակարգային ախտահարում, երբ գերակշռում են պրոդուկտիվ-բորբոքային փոփոխությունները՝ առավելապես հենաշարժիչ, նյարդային, միզասեռական համակարգերում սպեցիֆիկ բրուցելոզային գրանուլեմաների առաջացումով։ Բրուցելոզի դեպքերի մոտ 10%-ում զարգանում է միզասեռական համակարգի ախտահարում։ Այս դեպքում հաճախ հանդիպող դրսևորումներն են՝ էպիդիդիմիտ, օրխիտ, ցիստիտ, պրոստատիտ, միզուղիների վարակ, ինչպես նաև կանանց շրջանում դաշտանային ցիկլի խանգարումներ, ձվարանների և արգանդափողերի բորբոքում (օոֆորիտ, սալպինգիտ), էնդոմետրիտ և այլն։ Միզասեռական համակարգի ախտահարումն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում և դրսևորվում է որպես միակողմանի Էպիդիդմիո-օրխիտ։ Բրուցելոզին բնորոշ ընդհանուր կլինիկական նշաններից (երկարատև տենդ, ընդհանուր թուլություն, հոդա-մկանացավեր և այլն) բացի, դիտվում են նաև ամորձիների այտուց, ցավ և դիզուրիկ երևույթներ։
Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ է բրուցելոզը դիտարկել որպես միզասեռական համակարգի տարբեր հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման բաղադրիչ՝ կարևոր տեղ տալով մանրամասն հավաքված համաճարակաբանական և կլինիկական անամնեզին։