Ինչո՞ւ է կարևոր ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշումը

Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է անհրաժեշտ բուժումը ժամանակին սկսելու, հետագա ապրելակերպի վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելու, վարակն այլ անձանց չփոխանցելու համար:
ՄԻԱՎ վարակի վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս.
• Հիվանդության զարգացման կանխարգելում. հակառետրովիրուսային բուժումը վաղ սկսելն օգնում է կանխել հիվանդության առաջընթացը, պահպանել հիվանդի իմունային համակարգը և մեծացնել կյանքի տևողությունը:
• Փոխանցման ռիսկի նվազեցում. վաղ սկսած բուժումը նվազեցնում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը սեռական հարաբերության ժամանակ:
• Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկի նվազեցում. վաղ սկսած բուժումը զգալիորեն նվազեցնում է ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը:
• Աջակցություն և իրազեկում. հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրողներին ժամանակին ստանալ հոգեբանական, սոցիալական և բժշկական աջակցություն, ինչպես նաև կանխել ախտորոշման հետ կապված հոգեբանական խնդիրների զարգացումը:
• Կյանքի որակի բարելավում. բուժումը վաղ փուլում սկսելը թույլ է տալիս մարդուն ապրել լիարժեք և ակտիվ կյանքով՝ պահպանելով լավ առողջություն և աշխատունակություն:
Այսպիսով, ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշումը ոչ միայն օգնում է պահպանել առողջությունը, այլև կանխել վիրուսի տարածումը։