Դիմել մեզ

Այսօր Լյարդի համաշխարհային օրն է․ ինչպես պահպանել լյարդի առողջությունը

Այսօր Լյարդի համաշխարհային օրն է․ ինչպես պահպանել լյարդի առողջությունը

19.04.2025
Այսօր Լյարդի համաշխարհային օրն է․ ինչպես պահպանել լյարդի առողջությունը

Լյարդը պատասխանատու է օրգանիզմում ավելի քան 500 կենսական գործառույթների համար՝ սկսած վնասակար նյութերի մաքրումից մինչև ձեր ընդունած ուտելիքի՝ սննդարար նյութերի տրոհումը։ Լյարդը գործում է որպես ամբողջ մարմնի ֆիլտր։ Առանց առողջ լյարդի օրգանիզմում կուտակվում են թույներ (տոքսիններ), սննդանյութերի կլանումը խաթարվում է, և նյութափոխանակությունը թուլանում է՝ ազդելով ընդհանուր առողջության վրա։


Եթե լյարդի զանգվածի 5%-ից ավելին ճարպ է, ապա կարող է առաջանալ լյարդի բորբոքում, սպիացում և քաղցկեղ։ Նյութափոխանակության խանգրման հետ փոխկապակցված լյարդի ճարպային հիվանդությունը (MASLD), որը կապված է շաքարային դիաբետի, ճարպակալման և բարձր խոլեստերինի հետ, սովորաբար չունի դրսևորումներ հիվանդության վաղ փուլերում, այդ պատճառով վերոնշյալ ռիսկի գործոնների առկայության դեպքում հարկավոր է իրականացնել լյարդի էլաստոգրաֆիա։ 


Մարմնի քաշի ընդամենը 5-10%-ը կորցնելը կարող է զգալիորեն նվազեցնել լյարդի ճարպը, կանգնեցնել բորբոքումը և նույնիսկ վերականգնել լյարդի վնասումը վաղ փուլերում: Առողջ ճարպերով և սննդարար նյութերով հարուստ միջերկրածովյան սննդակարգը կարող է բարձրացնել ինսուլինի նկատմամբ զգայունությունը և պաշտպանել ձեր լյարդը՝ փոքր փոփոխություններ, որոնք մեծ ազդեցություն են ունենում:


Սթրեսի մեջ գտնվող կամ հիվանդ լյարդի համար առավել օգտակար է իր աշխատանքային ծանրաբեռնվածությունը հնարավորինս նվազեցնելը։ Ուշադիր եղեք ձեր սննդակարգին՝ ընտրելով լյարդի առողջությունը խթանող սննդամթերքներ՝ նվազագույնի հասցնելով այն սննդամթերքները, որոնք կարող են վնաս պատճառել։ Կենտրոնացեք ավելի շատ դրական, քան բացասական ընտրություններ կատարելու վրա և մի՛ ճնշեք ինքներդ ձեզ՝ անընդհատ կատարյալ լինելու համար։ Ավելին կարող եք գտնել այստեղ:

 
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում առկա են լյարդի գնահատման (ստուգման) համար բոլոր հնարավորությունները, մեր կենտրոնում ձեզ սպասում են հետևյալ քայլերը՝

  • ստանալ բարձրակարգ մասնագետի խորհրդատվություն, որը Ձեր հետ զրույցից հետո կնշանակի հենց Ձեզ անհրաժեշտ հետազոտություններ,
  • նույն պահին կիրականացվեն լաբորատոր հետազոտություններն առաջատար սարքավորումների միջոցով,
  • հաջորդիվ կիրականացվի լյարդի սոնոգրաֆիա կամ էլաստոգրաֆիա՝ ըստ անհրաժեշտության,
  • արդյունքներն ամփոփելուց հետո բժիշկ մասնագետը ձեզ մանրամասն կներկայացնի հետազոտության տվյալները, կբացատրի առողջության հետ կապված բոլոր ռիսկերը և իհարկե կառաջարկի լավագույն ժամանակակից տարբերակները խնդիրների լուծման/կանխարգելման համար։

Մի՛ մոռացեք բաժանորդագրվել մեր պաշտոնական էջերին՝ Facebook, YouTube, որպեսզի բաց չթողնեք ապացուցողական տվյալների վրա հիմնված, հանրամատչելի բժշկական տեղեկատվությունը։