
«Բժիշկներ առանց սահմանների» Շվեյցարիա մարդասիրական կազմակերպության և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ այսօր ԻՀԱԿ-ում անցկացվեց «Լավագույն փորձի փոխանակում. Հեպատիտ Ց-ի շուրջ կլինիկական քննարկում» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագիրն իրականացնող տարբեր բժշկական կենտրոնների ներկայացուցիչներ:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ներկայիս վիճակը ՀՀ-ում իրականացվող ծրագրերի շրջանակում։ Ակտիվ քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ոլորտի մարտահրավերներին, առաջիկա ծրագրերին և Հեպատիտ Ց-ի դեմ պայքարում անհրաժեշտ միջոցառումներին: Ուշադրության առանցքում էին մի շարք թեմաներ, ինչպիսիք են.
• բուժման հետևողականության օպտիմալացումը խոցելի ազգաբնակչության շրջանում,
• խորհրդատուի դերը ընթացիկ վերահսկման փուլում,
• ուղեգրման համակարգի բարելավումն ու հիվանդանոցի ու բուժման առաջնային օղակի միջև կապի ամրապնդումը,
• բուժումը ձախողած դեպքերի կառավարումը, գնահատման և կրկնաբուժման ռազմավարությունը:
Կենտրոնը կարևորում է հիվանդությունների դեմ պայքարում տարբեր կառույցների ջանքերի մեկտեղումը՝ մշակելու արդյունավետ և բոլորին հասանելի լուծումներ: Շնորհակալ ենք համագործակցության համար: