Ամռան ամիսներին սուր աղիքային վարակներով հիվանդացության աճը պայմանավորված է ոչ միայն բարձր ջերմաստիճանով, այլև սննդի պահպանման պայմանների խախտման, ոչ անվտանգ ջրի օգտագործման և դրսում սնվելու հաճախականության ավելացմամբ։
Սուր աղիքային վարակների հիմնական ախտանշանների, վարակի փոխանցման ուղիների, ջրազրկման վտանգի և հակաբիոտիկների ճիշտ կիրառման մասին զրուցել ենք ԻՀԱԿ բժիշկ-վարակաբան Աննա Ստեփանյանի հետ։
-Ի՞նչ են սուր աղիքային վարակները, և ինչո՞ւ են դրանց դեպքերն ամռանը հաճախանում։
- Սուր աղիքային վարակները հիմնականում վիրուսային կամ բակտերիալ ծագման հիվանդությունների խումբ են, որոնք ախտահարում են ստամոքսաղիքային համակարգը և սովորաբար ընթանում են գաստրոէնտերիտի ախտանշաններով։
Ամռանը բարձր ջերմաստիճանը նպաստում է սննդամթերքում մանրէների արագ բազմացմանը։ Միաժամանակ ավելի հաճախ ենք սնվում դրսում, օգտագործում ոչ պատշաճ պայմաններում պահպանված սնունդ կամ ոչ անվտանգ ջուր։ Այս գործոնները մեծացնում են վարակման հավանականությունը։
- Որո՞նք են հիվանդության հիմնական ախտանշանները։
- Առավել հաճախ հանդիպում են փորլուծություն, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն և ախորժակի բացակայություն։
Ախտանշանների արտահայտվածությունը կարող է տարբեր լինել՝ կախված վարակի հարուցչից, հիվանդի տարիքից և առողջական ընդհանուր վիճակից։
- Ինչպե՞ս են փոխանցվում սուր աղիքային վարակները։
- Վարակը հիմնականում փոխանցվում է աղտոտված սննդի, ջրի կամ կեղտոտ ձեռքերի միջոցով։ Այդ պատճառով ձեռքերի հիգիենան կանխարգելման ամենապարզ և արդյունավետ միջոցներից մեկն է։
Կարևոր է օգտագործել անվտանգ խմելու ջուր, միրգն ու բանջարեղենը լվանալ հոսող ջրով, սննդամթերքը պատշաճ մշակել և պահպանել, ինչպես նաև խուսափել այն սննդի օգտագործումից, որի պատրաստման կամ պահպանման պայմանները վստահություն չեն ներշնչում։
- Ո՞րն է հիվանդության հիմնական վտանգը։
-Փորլուծության և փսխման հետևանքով օրգանիզմը կորցնում է հեղուկ և աղեր, ինչի արդյունքում կարող է զարգանալ ջրազրկում։ Այն հատկապես արագ կարող է զարգանալ երեխաների մոտ։
Հենց այդ պատճառով հիվանդության ընթացքում առաջնահերթ խնդիրներից մեկը հեղուկի կորստի լրացումն է։
- Ի՞նչ կարելի է անել առաջին ախտանշանների դեպքում։
-Կարևոր է ապահովել բավարար հեղուկի ընդունում և պահպանել թեթև սննդակարգ։ Հեղուկը ցանկալի է ընդունել հաճախակի՝ փոքր քանակներով, հատկապես փսխման դեպքում։
Եթե մարդը չի կարողանում հեղուկ ընդունել, շարունակում է փսխել կամ նրա վիճակը վատանում է, անհրաժեշտ է դիմել բժշկի։
- Արդյո՞ք աղիքային վարակի դեպքում միշտ անհրաժեշտ է հակաբիոտիկ։
- Ոչ։ Սուր աղիքային վարակների զգալի մասը, հատկապես երեխաների մոտ, վիրուսային ծագում ունի։ Այդ դեպքերում հակաբիոտիկներն արդյունավետ չեն։
Բակտերիալ վարակի դեպքում հակաբիոտիկ կարող է նշանակել միայն բժիշկը՝ համապատասխան ցուցումների, դեղաչափի և բուժման տևողության սահմանմամբ։
- Ի՞նչ վտանգներ ունի հակաբիոտիկների ինքնուրույն ընդունումը։
- Անհարկի կամ սխալ կիրառումը կարող է վնասել աղիքային բնականոն միկրոֆլորան, առաջացնել բարդություններ և նպաստել հակաբիոտիկակայունության զարգացմանը։
Հակաբիոտիկի ընտրությունը չի կարող հիմնվել միայն ախտանշանների վրա, քանի որ վիրուսային և բակտերիալ վարակները հաճախ կարող են ունենալ նման կլինիկական պատկեր։
- Ո՞ր դեպքերում պետք է դիմել բժիշկ-վարակաբանի։
- Բժշկական օգնության անհրաժեշտություն կա, եթե փորլուծությունը շարունակվում է, հնարավոր չէ հեղուկ ընդունել, պահպանվում է բարձր ջերմությունը կամ ի հայտ են գալիս ջրազրկման նշաններ։
Ժամանակին իրականացված բժշկական գնահատումը հնարավորություն է տալիս պարզել հիվանդության պատճառը, գնահատել ջրազրկման աստիճանը և ընտրել համապատասխան բուժման մոտեցումը։
Սուր աղիքային վարակների դեպքում ինքնաբուժումը, հատկապես հակաբիոտիկների ինքնուրույն ընդունումը, կարող է ոչ միայն անարդյունավետ լինել, այլև բարդացնել հիվանդության ընթացքը