Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Առաջնորդվենք իրավունքներով․ իմ առողջությունն իմ իրավունքն է» կարգախոսով: Ամբողջ աշխարհում մարդիկ միավորվում են՝ աջակցություն ցուցաբերելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց և հարգելու մահացածների հիշատակը:
Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, համերաշխություն ցուցաբերել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, բուժման ու խնամքի մասին։
ՀՀ քաղաքացիների շրջանում 1988-2024 թթ․ հոկտեմբերի 31-ը գրանցվել է․
ՄԻԱՎ վարակի 6076 դեպք, որից 4250-ը՝ արական (70%), 1826-ը՝ իգական (30%) սեռի շրջանում։
ՁԻԱՀ-ի 2779 դեպք, որից 2069-ը՝ արական (74%), 710-ը՝ իգական (26%) սեռի շրջանում։
Մահվան 1276 դեպք, որից 1023-ը՝ արական (80%), 253-ը՝ իգական (20%) սեռի շրջանում։
Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 87 դեպք, ՁԻԱՀ-ի 47 դեպք, մահվան 12 դեպք։
Ժամանակահատվածի վերջի դրությամբ՝
ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 4800 է (հաշվարկային թիվը 6300 է)։
ՀՌՎ բուժում է ստանում 3777 ՀՀ քաղաքացի:
Բուժօգնությունն իրականացվում է բացառապես անվճար: Մշտապես կազմակերպվում են հանրային միջոցառումներ, որոնց ընթացքում շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում անցկացվում են անանուն, անվճար հետազոտություններ։ Այսօր էլ ԻՀԱԿ շարժական կլինիկան 13։00-19։00-ն տեղակայված կլինի Երևանում՝ Ազնավուրի հրապարակում։