ԻՀԱԿ մանկական ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-ինֆեկցիոնիստ Գոհար Թամազյանը «Մեդիալաբ»-ի հետ հարցազրույցում ներկայացրել է սուր շնչառական հիվանդությունների ներկա վիճակը ՀՀ-ում:
– Տիկի՛ն Թամազյան, հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունները շարունակո՞ւմ են տարածված մնալ, կոնկրետ ձեր կենտրոնի տվյալներն ինչի՞ մասին են փաստում։
– Մեզ մոտ ընդունվում են և՛ սուր շնչառական խնդիրներ ունեցող բուժառուներ, և՛ կորոնավիրուսով վարակված հիվանդներ, և՛ մյուս օդակաթիլային վարակներով հիվանդներ՝ տարբեր տարիքային խմբերի։ Հիմա արդեն նկատվում է սուր շնչառականով վարակված հիվանդների թվի նվազում։
Սուր շնչառական հիվանդության կլինիկան սովորաբար հետևյալն է․ բարձր ջերմություն, հազ, կատարալ երևույթներ։ Այս տարի մենք շատ ունեինք նաև օբստրուկտիվ համախտանիշով դեպքեր, երբ սուր շնչառական հիվանդությանը գումարվում էր նաև ալերգիկ կոմպոնենտը, ու երեխաների մոտ զարգանում է սուր շնչառական անբավարարություն։ Շատ ունեինք նաև թոքաբորբով հիվանդներ, բայց, բարեբախտաբար, մեր հիվանդանոցում սուր շնչառական հիվանդություններից վատ ելք չենք ունեցել։
– Իսկ քովիդով հիվանդ բուժառուների թիվը և՞ս շատ է, ու հիվանդությունն ինչպե՞ս է ընթանում։
– Արդեն երկրորդ տարին է, ինչ քովիդով հիվանդ երեխաներին մենք ընդունում ենք, իսկ մեծահասակների քովիդ բաժինը բացվել է այս տարի, որովհետև մյուս ստացիոնարները փակվել են, հիվանդների թիվն այնքան շատ չէր։ Մեծահասակների մոտ, ինչպես միշտ, հիվանդությունն ընթանում է ավելի ծանր, իսկ երեխաների մոտ ընթացքն ավելի հարթ է:
Իհարկե ունեցել ենք ավելի ծանր հիվանդներ՝ նորից արտահայտված օբստրուկտիվ համախտանիշով, հիմնական բարդությունները պայմանավորված են հենց այս համախտանիշի ու թոքաբորբի առկայությամբ։ Ունեցել ենք նաև դեպք, երբ նորածինն է վարակված եղել։ Բոլոր հիվանդները սահմանված ժամկետում, նկատի ունեմ կարանտինային ժամկետը, դուրս են գրվել, քովիդից էլ այս տարի վատ ելք չենք ունեցել։
– Տիկի՛ն Թամազյան, այսինքն՝ բուժառուները ժամանակի՞ն են դիմում, որ հիվանդության ընթացքը համեմատաբար թեթև է լինում։
– Դե, փոքր երեխաների մոտ հիմնական արտահայտությունը լինում է բարձր ջերմությունը, անհանգստությունը, իսկ այդ պարագայում ծնողներն անմիջապես դիմում են բժշկի։
Չեմ կարող ասել, որ շատ ուշացած դեպքեր ենք ունեցել, մանավանդ քովիդով հիվանդների պարագայում, որովհետև հիվանդության առաջին երեք օրվա ընթացքում ընդունվել են, բացի այդ, կա պրակտիկա, որ երբ ջերմող հիվանդները ընդունվում են սուր շնչառական հիվանդության ախտանշաններով, պարտադիր անցնում են արագ թեստավորում, ինչի արդյունքում էլ հայտնաբերումն ավելի արագ է տեղի ունենում։
– Հայաստանում հիմնականում տարածված էր A տեսակի գրիպի H1N1 (խոզի գրիպ) ենթատեսակը, այլ շտամով բուժառուներ ունեցե՞լ եք։
– Այո՛, հիմնականում այդ ենթատեսակն է գերակշռող, հունվարից հետո հատկապես։
– Իսկ բուժման ընթացքը որքա՞ն է տևում։
– Դա այնքան սուբյեկտիվ է, ամեն ինչ կախված է հիվանդի առողջական կարգավիճակից․ եթե մարդն ունի ամուր դիմադրողականություն, չկան հարակից հիվանդություններ, ապա 3-4 օրվա ընթացքում լավանում է։ Հակառակ պարագայում բուժումը ձգձգվում է, բայց հիմնականում մեկ շաբաթում կարգավորվում է։ Ախտահարվում են շնչուղիները, ու հիվանդության ծանրությունը հիմնականում պայմանավորվում է օբստրուկտիվ համախտանիշով, որովհետև այն շատ արագ բերում է շնչառական անբավարարության։
– Հիմա սուր շնչառական հիվանդացության նվազմա՞ն, թե՞ աճի միտում է նկատվում։
– Նվազման միտում է նկատվում, եղանակները լավացել են, ժողովուրդը դուրս է գալիս բակ, արդեն արև կա, բնականաբար, պետք է հիվանդացության նվազում արձանագրվեր: