Դիմել մեզ

Հուլիսի 28-ը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրն է

28.07.2024
Հուլիսի 28-ը Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրն է

Ժամանակն է գործելու․ հենց այս կարգախոսով է այս տարի նշվում Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրը։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է հետևել կանխարգելման կանոններին, հետազոտվել՝ հիվանդությունները վաղ փուլերում հայտնաբերելու նպատակով։

 

Վիրուսային հեպատիտները վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են լյարդային բջիջների ախտահարմամբ։ Դրանք, ըստ ընթացքի, կարող են լինել սուր և քրոնիկ։ Վիրուսային հեպատիտները մի քանի տեսակի են (Ա-ից Ե), բայց թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում լուրջ առողջապահական խնդիր են ներկայացնում վիրուսային հեպատիտներ Բ-ն և Ց-ն։

 

Հեպատիտ Ց-ի և Բ-ի փոխանցման ուղիները գրեթե նույնն են։ Դրանք փոխանցվում են

  • մորից երեխային ճանապարհով,

  • սեռական ճանապարհով

  • բժշկական սարքավորումների, մասնավորապես՝ ներարկիչների և ասեղների կրկնակի օգտագործման կամ անբավարար ախտազերծման ժամանակ,

  • չհետազոտված արյան և արյան բաղադրամասերի փոխներարկման ժամանակ,

  • ներարկման պարագաների օգտագործման (թմրամիջոցների ներարկային օգտագործման) ժամանակ:

 

Դրանք չեն փոխանցվում կրծքի կաթի, սննդի, ջրի կամ պատահական շփման միջոցով, ինչպիսիք են գրկախառնվելը, վարակված անձի հետ համատեղ սնվելը:

Վիրուսային հեպատիտներ Ա-ի և Ե-ի փոխանցման ճանապարհը ֆեկալ-օռալ է, այսինքն՝ հիմնականում փոխանցվում են վարակված սննդի և ջրի, ինչպես նաև հիվանդ անձի հետ անմիջական կամ վերջինիս խնամքի պարագաների հետ սերտ շփման միջոցով։ Այս պահին մեր հանրապետությունում, բարեբախտաբար, այդ հեպատիտների տեղային դեպքեր գրեթե չեն արձանագրվում։

Հեպատիտ Ց-ի ախտորոշման ՊՇՌ թեստն անվճար կատարվում է մեր կենտրոնում։ Հիվանդության հաստատման դեպքում պացիենտի բուժման դեղերը պետության կողմից տրամադրվում են ամբողջությամբ անվճար։ 

Հեպատիտ Բ-ի կանխարգելումը դրա դեմ պատվաստումն է։

Հիշեցնում ենք, որ ԻՀԱԿ շարժական բուժաշտորոշիչ կլինիկաներում պարբերաբար անցկացվում են հեպատիտներ Ց-ի և Բ-ի հայտնաբերման անվճար հետազոտություններ։

Վիդեոդարան